Ինչո՞ւ են վիճաբանել Սիփան Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը
Որքան էլ իշխանական մանր ու միջին չինովնիկներն իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում պնդեն, որ իշխանական թիմում ամեն ինչ կարգին է, իրականությունը, իշխանական խմբակցությունը լքած ու դեռ լքել պատրաստվող պատգամավորներն ու ներքին գզվռտոցները, որոնց մասին ինֆորմացիան անպայման դուրս է գալիս իրենց «տան» պատերից, բոլորովին այլ բանի մասին են խոսում:
168.am-ին, օրինակ, լուրեր հասան, որ օրեր առաջ կառավարությունում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջև:
Մեզ ասացին, որ կառավարության աշխատակիցները տեսել են, թե ինչպես է Սիփան Փաշինյանը փրփրած դուրս գալիս Պապիկյանի մոտից՝ ասելով, թե՝ դա դեռ կտեսնի գլխին գալիքը:
Թե ի՞նչն է նախկին ցրիչ, այսօր արդեն՝ լուրջ հարցեր լուծող Սիփան Փաշինյանի ու նախկին, ի դեպ, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի կոնֆլիկտի առարկան, փորձեցինք պարզել Նիկոլ Փաշինյանի եղբորորդուց, ով, սակայն, համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Հիշեցնենք, որ, ըստ պատերազմի շրջանում տարածված տեղեկությունների, Սիփան Փաշինյանն էր ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ համակարգում «Սպայկա» ընկերության սառցամեքենաներով մեր նահատակ զինվորների մարմինների տեղափոխումն ու բաշխումը:
Սուրեն Պապիկյանը ըստ էության լուրջ լծակներ ունեցող նախարարություն է ղեկավարում, համակարգում ճանապարհաշինություն, էներգետիկայի, ներառյալ՝ ՀԷԿ-երի, ջրային տնտեսության, ավիացիայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ, և չի բացառվում, որ ինչ-որ կետում նրանց միջև շահերի բախում է եղել:
Հիշեցնենք, որ նրանք նաև սահմանադրական փոփոխությունների (իսկ իրականում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու ներկայիս կազմից ազատվելու) «Այո»-ի շտաբն էին համակարգում, որի նպատակով անգամ մեծ շուքով դրամահավաք կազմակերպեցին, հավաքեցին 205 միլիոն դրամ, այն դեպքում, երբ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով՝ հանրաքվեի համար հավաքվող գումարի չափը չպետք է գերազանցեր 100 միլիոն դրամը:
Ի դեպ, այդ ժամանակ Սուրեն Պապիկյանն ասել էր, որ «Սա «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաք երեկոն է, ոչ թե «Այո»-ի շտաբի։ Հասկանալի է, որ մնացած գումարը կհատկացվի կուսակցության ներկա կարիքներին։ «Այո»-ի շտաբի ծախսերը 100 միլիոնը չեն գերազանցի, հավաստիացնում եմ»:
Թե ինչ եղավ մնացած 105 միլիոն դրամը, մեզ և պատմությանն անհայտ է, ինչպես անհայտ է, թե չկայացած հանրաքվեի դեպքում որտե՞ղ փոշիացավ մյուս 100 միլիոն դրամը:
Հատկանշական է, որ իշխանական թիմում համեմատության մեջ համեստ գործչի համարում ունեցող Սուրեն Պապիկյանը վերջերս պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում:
Մասնավորապես նրա անվան հետ է կապվում նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին «Եռաբլուր» պանթեոն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի համար վարչական ռեսուրսի գործադրմամբ մարզերից մարդաքանակի ապահովման հրահանգը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, ավելի վաղ՝ նաև փոխմարզպետի հրաժարականները:
Ըստ մարզում տարածված տեղեկությունների՝ նրանց հրաժարականի դիմումներ գրել «հորդորել է» Սուրեն Պապիկյանը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում, ի դեպ, ասել էր իշխող ուժի նախկին թիմակից, գյումրեցի քաղաքագետ Արթուր Համբարձումյանը: