Կինը նախապես հանցավոր համաձայնության էր եկել Այնթապ գյուղի բնակչի հետ… ոստիկանություն
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել:
Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ: Ըստ տանտիրոջ` ոսկյա զարդերը գողացվել են դեռևս դեկտեմբերի լույս 15-ի գիշերը, երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտվա 4-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ընթացքում է տանը եղել տանտիրոջ հրավերով եկած 42-ամյա մի կին, որին էլ հենց կասկածում էր տուժած քաղաքացին:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կնոջ ինքնությունը: Հունվարի 8-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է բաժին ու կտրականապես ժխտել գողությանն իր մասնակցությունը: Քրեական հետախույզները, սակայն, արդեն ճշտել էին, որ նա, այնուամենայնիվ, մասնակցություն ունի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ կինը նախապես հանցավոր համաձայնության է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա տղամարդու հետ, և միասին իրագործել են նախապես ծրագրածը:
Դեպքի օրը կինը բաց է թողել բնակարանի դուռը և հեռացել, որից հետո այնթապցի տղամարդը բաց դռնով մտել է տուն և, օգտվելով տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, գողացել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույց և օծանելիք:
Քրեական հետախույզները հունվարի 9-ին Այնթապ գյուղի իր տնից բերման են ենթարկել տղամարդուն: Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է, նախաքննությունը շարունակվում է: