«Հիմա ՀՀ սահման գոյություն չունի. ՀՀ սահմանն այն է, ինչը որոշում են այս պահին ադրբեջանցիները». Հրանտ Բագրատյան
«Նիկոլ Փաշինյանն աշխատող չէ, եթե նա կառավարող մարդ լիներ, եթե նրանից նույնիսկ վարչապետի հոտ գար, նա պետք է հասկանար հետևյալը, որ գյուղեր հենց այնպես չեն հանձնում. նստում են, նախ՝ Ադրբեջանի հետ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, դրանից հետո, քանի որ տարածքային հանձնումն էլ կա, հաստատում է ԱԺ-ն, նոր հանձնում է: Այսինքն՝ դա պրոցես է, որ կտևի ամիսներ կամ մեկ տարվա մեջ, նախօրոք սահմանված գրաֆիկով:
Օրինակ, ի՞նչ գործ ունի ադրբեջանցին Շուռնուխ գյուղում. ինչո՞ւ պետք է հայ գյուղացին շփվի ադրբեջանցի զինվորի հետ: հայ զինվոր էլ՝ չկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Քաղաքական գործիչը հիշեցրեց նաև ՀՀ Սահմանադրության 123-124-րդ հոդվածների մասին, ըստ որի՝ պետության գլուխը, սահմանների պահապանը ՀՀ նախագահն է. «Ասում է՝ ես տեղյակ չեմ, գնացել է Գյումրի, Նոր տարին անցկացնում է շքեղ չգիտեմ-որտեղ. գնայիր Շուռնուխում անցկացնեիր Նոր տարին:
Ի դեպ, ինքն է սահմանների պահապանը. 123-124 հոդվածների համաձայն՝ ՀՀ Սահմանադրութան պահպանման երաշխավորը ՀՀ նախագահն է, Նիկոլը չի՝ գրված է Սահմանադրության մեջ»:
Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց նաև, որ շուտով վիճահարույց սահմանազատումները հասնելու են նաև Տիգրանաշեն (Քյարքի). «Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս: Քյարքին տալուց հետո մենք Սյունիք այլևս չենք կարող գնալ, Արարատի մարզով պրծնում է Հայաստանի Հանրապետությունը:
Մանավորապես՝ ես Ալեքսան Հակոբյանի հետ մասնակցություն եմ ունեցել Քյարքիի ազատագրմանը՝ 1989 թ. հունվարին, ինչպես դա եղավ, ինչպես պայմանավորվեցինք, ինչպես մտանք գյուղ, առաջարկեցինք, որ նրանք գնան, քանի որ Բաքվի ջարդերը եղել են, հայերը գալիս են:
Ոչ ոք ադրբեջանցիներին չի ասում՝ լսե՛ք, այդ Քյարքիում ապրում են բաքվեցիներ, էդ դեպքում Բաքվում մի թաղամաս առանձնացրեք այս հայերի համար: Կամ՝ եթե դուք ուզում եք Քյարքին, վերևում՝ Բայանդուրը՝ Իջևանի մարզում, ուզում եք Ոսկեպարը, տվեք մեզ հետ Արծվաշենը՝ իր հարակից տարածքներով, որը շատ մեծ տարածքներ են՝ 350-450 քկմ»:
Հարցին, թե ի՞նչ է անում վարչապետն այս գործընթացներին ի պատասխան, ինչո՞վ է զբաղված, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այստեղ երկու մարդ են՝ ինքն է և նախագահը: Անգործություն»:
Դավաճանական որակման հետ նա չհամաձայնեց՝ նկատելով. «Չէի ասի՝ դավաճանություն. իրենք հիմա ո՞վ են, որ դավաճանեն, իրենք իրենց պահում են՝ ինչպես Իլհամ Ալիևի հարճը: Հասկացանք՝ նրանք ուժեղ են, բայց էս ի՞նչ ես անում:
Կամ, եթե թշնամին մտնում է Շուռնուխ կամ Որոտան գյուղեր, գոյություն ունի սահման: Թուրքը գալիս է սահմանի գծի վրա է կանգնում, մինչդեռ երկու կողմն էլ սահմանագծից պետք է հեռու լինեն 500 մետրից մինչև 2 կմ:
Թուրքը գալիս սահմանի վրա է կանգնում, ու հիմա արդեն թուրքերը պահանջում են, որ ադրբեջանցիք վերադառնան, ընդ որում, հայերի վերադարձ չի լինելու, որովհետև հայերի մեծ մասը ապրում էին Բաքու, Գյանջա, Սումգայիթ քաղաքներում. էդ քաղաքներ հայերը չեն վերադառնա՝ իրենց կարծիքով»:
Ըստ նրա՝ Տիգրանաշենին (Քյարքիին) հաջորդելու են այլ տարածքներ. «Հաջորդը լինելու է Մասիսը, Երևանի «Կրիվոյ» թաղամասը, որտեղ իրենք ապրում էին, մինչդեռ մենք չենք ասելու՝ Բաքվի Արմենիքենդը տվեք Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ասող չկա, որովհետև ասողը Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, նա կարծում է, որ ինքը պարտվել է ու էլի կպարտվի, նա վախենում է, նա ֆիզիկական վախ ունի Ալիևից»:
ՀՀ նախկին նվարչապետը նշեց, որ Ղարաբաղյան շարժման հաջողություններից էր նաև, որ կարողացել էին Հայաստանը մաքրել ադրբեջանցիներից:
«Հիմա հարավում՝ Մեղրիում, եթե Նյուվադին (Նռնաձոր) է տալիս, Մեղրին մնում է մի հատ քաղաք: Եվ այսպես շարունակ ինքը անընդհատ տալու է այս ամենը, չկա ՊՆ…,- ասաց Հրանտ Բագրատյանը, ապա դիմեց ժողովրդին,- Մենք Քյարքին ոչ մի կերպ չպետք է հանձնենք, թույլ չպետք է տանք դա, մենք թույլ չպիտի տանք ոչ մի գյուղ հանձնել և, ընդհանրապես, եթե սահմանների ճշտում կա, համապատասխան պրոտոկոլ կա, և այդ պրոտոկոլի համաձայն՝ մենք ենք մեր գյուղացիներին, եթե անհրաժեշտություն կա, ասում՝ հետ եկեք»:
Նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարևոր խնդրի վրա, որով պայմանավորեց նաև ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ընթացքում հետագայում հավանական խոչընդոտների առաջացումը. «Հիմա ՀՀ սահման գոյություն չունի. ՀՀ սահմանն այն է, ինչը որոշում են այս պահին ադրբեջանցիները: Ըստ որում, եթե պատերազմ լինի, ասենք՝ ՀԱՊԿ-ն ուզում է օգնել, ՀԱՊԿ-ին ամենևին պարզ չի՝ այդ կոնֆլիկտը ՀՀ տարածքո՞ւմ է , թե՞ չէ, ինչո՞ւ, որովհետև տարածքներ կամ գյուղեր կամ տներ կարելի է հանձնել այն բանից հետո, երբ թուղթ է ստորագրած, գիծը ճանաչում է Ադրբեջանը: Այսինքն՝ հիմա ինքը մտավ Շուռնուխ, չէ՞ , հաջորդն ասում է՝ Դավիթ Բեկն էլ եմ ուզում. մենք չենք կարող թուղթ դեմ տալ, մենք չունենք հաստատված սահման Ադրբեջանի հետ: Այսինքն՝ սա նույնպես գալիս է կառավարության ու նախագահի անգործությունից, մարդ, որը պահպանում է սահմանները, մի խորհրդակցություն ի վիճակի չի անցկացնել»:
Բանախոսը լուծումը տեսնում է հանրապետությունից և իշխանությունից ՀՀ նախագահի և վարչապետի հեռացման մեջ: Նա կրկին դիմեց ժողովրդին. «Գնացե՛ք, թույլ մի տվեք Քյարքին տալ, Քյարքիի դիմաց պահանջեք Բաքվի կենտրոնը՝ Արմենիքենդը, իր եկեղեցիով, չի՛ գնալու Ադրբեջանը դրան:
Ինչ վերաբերում է Փաշինյանին և Սարգսյան Արմենին, ապա ժողովրդական ցասումով իրենք պետք է սրբվեն, իրենք պետք է դատաստանի առաջ կանգնեն: Ես կարծում եմ՝ նա, ով իրենց է բերել, նկատի ունեմ երրորդ նախագահին, նա էլ պիտի գա դատի առաջ պատասխան տա՝ ոնց է ՀՀ նախագահ դառնում մի մարդ, որը քաղաքացիության պահանջին չէր բավարարում ( Արմեն Սարգսյանը)»: