Բազայի հետ կապված՝ Արցախում ունենք խնդիրներ, և առկա է  քաղաքացիների մի փոքր հատված, որոնք մերժվել են այս ծրագրերի շահառու դառնալու մասով. Մեսրոպ Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետպատերազմական իրավիճակում նախարարության աշխատանքներում առաջնահերթություններն էականորեն փոխվել են, և վերջին մեկ ամսվա ընթացքում նախարարության աշխատակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներ կարգավորմանը:

«Մասնավորապես, այս ընթացքում կառավարության որոշումների արդյունքում մենք արդեն ունենք 15 սոցիալական միջոցառումներ, որոնք հիմնականում ուղղված են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը՝ հակիրճ ներկայացնելով ծրագրերի ընթացքը, արված ու արվելիք աշխատանքները:

Այսպիսով, ըստ նախարարի ամփոփած տվյալների՝ առաջին ծրագրով Արցախում հաշվառված արդեն 90 հազար քաղաքացի ստացել է ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր անձին՝ 68 հազար դրամի չափով և հավելյալ՝ 15 հազար դրամ, եթե  անձը չունի սեփականություն: Աջակցության չափն այս պահի դրությամբ կազմել է շուրջ 6.5 միլիարդ դրամ: Մեսրոպ Առաքելյանը հավելեց. «Այս պահին մի քանի հազար քաղաքացիներ են մնացել, ովքեր պետք է դիմեն և այս ծրագրից օգտվեն:

Միանգամից նաև մյուս ծրագրերի մասով՝ այս պահին, մենք, ցավոք, ինֆորմացիայի բազայի հետ կապված, մասնավորապես՝ Արցախում, ունենք որոշակի փոքր խնդիրներ, և առկա է  քաղաքացիների մի փոքր հատված, որոնք մերժվել են այս ծրագրերի շահառու դառնալու մասով: Յուրաքանչյուր շահառուի խնդիր, նաև Արցախի մեր գործընկերների հետ, մենք անհատական քննարկում ենք:

Նաև, որպեսզի այդ գործընթացը պարզեցնենք, երեկվանից գործարկել ենք դիմում-բողոքների արագ արձագանքման հարթակ, և քաղաքացիները, ովքեր ծրագրի շահառու չեն հանդիսանում, այդ հարթակում դիմում-բողոքներում նշում են իրենց հիմնավորումները (մասնավորապես լինում է, որ մարդիկ  փաստացի բնակվել են, սակայն որոշակի փաստաթղթերի խնդիրներ են ունեցել), այդ ամենն էլեկտրոնային եղանակով Արցախի մեր գործընկերների հետ  դիտարկվելու է, և այն անձինք, ովքեր շահառու չեն հանդիսացել, նրանց մասով ևս կրկնակի որոշում կկայացվի»:

Նա տեղեկացրեց, որ նախարարության մեկ այլ միջոցառումից, որը վերաբերում է  Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին երեք ամսում փաստացի բնակված քաղաքացիներին, արդեն օգտվել է շուրջ 5000 քաղաքացի: Մ. Առաքելյանը հավելեց, որ այս ծրագրով մոտավոր հաշվարկներով ունենալու են մոտ 30 հազար շահառու. «Այս աջակցության չափը յուրաքանչյուր անձի մասով կազմում է 300 հազար դրամ (և՛ չափահաս, և՛ անչափահաս անձանց մասով)»:

Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ նաև պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների պատճառով այս պահին իրենց բնակարաններում բնակվելու հնարավորություն չունեցող, կամ այլ պատճառներով իրենց փաստացի մշտական բնակության վայրում չգտնվող Արցախի քաղաքացիների համար նախատեսված ծրագրին, որով նախատեսվում է 250 հազարական դրամ տրամադրել  յուրաքանչյուր անձի. «Այս քաղաքացիների մասով նույնպես ծրագիրն այսօր կամ վաղն արդեն կսկսի մեկնարկել դիմումների ընդունումը:

Ընդ որում՝ այն քաղաքացիները, որոնք ստանում են այս 300 հազար կամ 250 հազար դրամները, նաև հանդիսացել են 68 հազարի շահառու: Այսինքն՝  երկու ծրագրից միաժամանակ օգտվում են»:

Տեսանյութեր

Լրահոս