Հայկական արտադրության հերթերի կառավարման տերմինալներն արտահանում են Մոլդովա
Earlyone և Lime Tech ընկերությունների գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը հայտնում է, որ հայկական արտադրության հերթերի կառավարման տերմինալներն արտահանում են Մոլդովա։ Այս համակարգերը ներդրվելու են Մոլդովայի ամենախոշոր բանկում։ Այս տերմինալների վրա աշխատելու է Earlyone-ի՝ հաճախորդների հոսքերի կառավարման համակարգը։
«Մենք մեր տնտեսության՝ մեր երկրի ողնաշարի, մի փոքր մասն ենք։ Փորձում ենք շարունակաբար ավելի մեծ արժեք ստեղծել մեր երկրում և շարունակում ենք արտադրել և արտահանել հայկականը։
Այս անգամ Մոլդովայի խոշորագույն բանկերից մեկն ընտրեց հենց մեր ընկերության արտադրանքը և ծրագրային ապահովումը, ի դեպ, մենք մրցակցում էինք ոլորտում առաջատար խոշորագույն ընկերությունների հետ»,- նշում է Գևորգ Սաֆարյանը։
Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանից Ղրղըզստան է արտահանվել Lime Tech ընկերության արտադրած տերմինալները FINCA բանկի համար։ Դրանց վրա այսուհետ աշխատելու է Earlyone-ի՝ հաճախորդների հոսքերի կառավարման համակարգը։
Նշենք, որ հերթերի կառավարման համար նախատեսված Earlyone հավելվածը թույլ է տալիս մոռանալ անվերջ թվացող հերթերի մասին և ամրագրել ձեր տեղը նախապես: Earlyone-ում նշում են, որ իրենց նպատակն է՝ խնայել մարդկանց ժամանակը և ստեղծել արդյունավետ համագործակցություն ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների միջև:
Ընկերությունը համագործակցում է հայաստանյան բանկերի, բջջային օպերատորների սպասարկման կենտրոնների, պետական հաստատությունների, ինչպես նաև՝ ապահովագրական ընկերությունների հետ: Նախապես ստանալով հերթի օնլայն կտրոնը՝ օգտատերերը կարող են իրենց հերթում անցկացվելիք ժամանակն օգտագործել այլ գործերի համար:
Սիրարփի Աղաբայան