«Հետևեք այն ոստիկաններին, ովքեր այսօր դուրս են գալիս ոստիկանությունից». Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին
Երևանում այսօր մեկնարկած «Արժանապատվության երթը» շարունակվում է: Երթը մեկնարկել էր Կրկեսի հարակից տարածքից: Հազարավոր քաղաքացիներ քայլերթով անցան Գլխավոր դատախազության շենքի մոտով, ապա հաջորդ կանգառը եղավ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց: Քայլերթի մասնակիցներից ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ ասելով, որ նա պարտավոր է կանգնել ժողովրդի կողքին:
«Հարգելի պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք Նիկոլ Փաշինյանի դասընկերն եք, գուցե ընկերն եք, գուցե անգամ իրեն ընտանիքի անդամի պես եք ընդունում: Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ, եթե ձեր ընտանիքի մի անդամը հետևողականորեն կործանում է ձեր ընտանիքի մյուս անդամներին, դուք շարունակելու եք ոչինչ չանել ու նայե՞լ, թե՞ մեկուսացնելու եք ձեր ընտանիքի այն անդամին, որը կործանում է թե՛ իր հարևաններին, թե՛ հենց ձեր ընտանիքի անդամներին: Դուք պարտավոր եք կանգնել ժողովրդի կողքին, դուք պարտավոր եք՝ որպես պատվախնդիր սպա, կատարել այն, ինչ պահանջում է Հայաստանի Հանրապետության շահը: Հետևեք այն ոստիկաններին, ովքեր այսօր դուրս են գալիս ոստիկանությունից, որպեսզի չդառնան գործիք»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը կազմակերպում է «Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Մանրամասները՝ տեսանյութում