«Նիկոլի հետ Հայաստանը կրկին հայտնվելու է նոր ռազմական բախումների մեջ»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի հրաժարականը պետք է ընդունելի լինի ադրբեջան ժողովրդի համար, Հայաստանի քաղաքացիների որոշ խմբի համար և Արցախի իշխանությունների համար։ Քանի որ երեքն էլ դեմ են, Նիկոլը հրաժարական չի տալիս։ Սա հումոր չէ, այլ հետպատերազմյան աղետների ցավալի նախերգանք։
Այսօր տարածաշրջանում ակտիվ զարգացումներ են ընթանում, շահերի և ազդեցությունների նոր առանցքներ են ձևավորվում։ Մեր ռազմավարական դաշնակիցը կառուցում է ապագայի իր տեսլականը՝ նախանշելով նաև անվտանգային գոտիները։ Հայաստանը՝ աշխարհագրորեն լինելով զարգացումների կենտրոնում, դարձել է օգտագործված ու դեն նետված պերեֆերիա։
Իսկ Նիկոլի՝ այլևս գոյություն չունեցող իշխանությանը շան տեղ դնող չկա։ Ոչ արևմուտքին է պետք, ոչ էլ առավել ևս Ռուսաստանին։ Բացի ադրբեջանից, ոչ մեկին պետք չէ Նիկոլի իշխանությունը։
Նրանց պահելու դեպքում, շատ մոտ ապագայում Հայաստանը կրկին հայտնվելու է նոր ռազմական բախումների մեջ՝ այս անգամ անմիջապես ՀՀ սահմաններին։ Ովքեր մի փոքր հետևում են տարածաշրջանում արագացող գործընթացներին և հակամարտող «սրերի ճոճվելուն», սա չեն կարող չտեսնել։ Նիկոլն այսօր դարձել է մի բութ գործիք, որին արտաքին ցանկացած ազդեցության կենտրոն կարող է օգտագործել բացառապես իր շահերի համար։ Այդ թվում նաև ներքին ու տարածաշրջանային հրահրումների տեսքով։
Բացի այդ, իր գոյությամբ Նիկոլն այսօր կանգնեցրել է Հայաստանի ակտիվությունն ու գործելու անհրաժեշտությունը։ Մենք, Նիկոլի պատճառով, կորցնում ենք մեր երկրի համար շատ թանկ ժամանակը ու բաց ենք թողնում կարևոր հնարավորությունները։ Դա ձեռք է տալիս միայն ադրբեջանին։
Մենք, այս նոր զարգացումներում ոչ մի գործընկերոջ մեղադրելու կամ որևէ մեկից նեղանալու իրավունք չունեք։ Պետք է մեղադրել քաղաքականապես անբարո, էությամբ ստախոս և գործունեությամբ դավաճան Նիկոլին։
Այսօր մեղքի իրենց մեծ բաժինն ունեն նաև բոլոր այն «քաղաքացիները», ովքեր դեռ կարծում են, որ Նիկոլը պետք է մնա։ Հենց այդ մարդիկ էլ՝ չհասկանալով փշրում են իրենց ու մեր երեխաների ներկան ու ապագան։
Միևնույն է, ստորացված, կապիտուլացված, մարդկանց ողբերգության հասցրած, պետությունը ծնկի բերած, բարոյալքված, ինքնաձիգը իր քաղաքացիների վրա պահող վարչապետը պետք է հեռանա։
Հավատացեք՝ նա այլևս անօգուտ է ու վնասակար»։