Բաժիններ՝

«Հակահամաճարակային ալյանսի» բաց նամակը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին

? Բաց նամակ

‼️ Թույլ մի տվեք վերացնել առողջապահական բնագավառում երկրի սուվերենությունը և լեգիտիմացնել ապօրինությունները

? Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

? Ըստ առողջապահության նախարարության (ԱՆ), նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

? Այս ամենն ընդամենը կեղծիք ու ապատեղեկատվություն արտահայտող բառախաղ է, որը միտված է օրինագծերի իրական նպատակների քողարկմանը:

? Անդրադառնանք քննարկման ընթացքում ԱՆ փոխնախարար Լ.Նանուշյանի կողմից հնչեցրած մի շարք թեզերի իրականության հետ համապատասխանությանը:

1. Բացահայտ կեղծիք է, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ինտեգրացված չի եղել առողջապահական համակարգում կամ մեկուսացած է եղել: Ընդհակառակը՝ չկար երկրում մեկ այլ կառույց, որն այդքան սերտորեն ինտեգրված լիներ ԱՆ, Արդարադատության, ՊՆ և այլ պետական կամ մասնավոր համակարգերում, նաև ՀԿ սեկտորում գործող հարյուրավոր առողջապահական միավորների, տասնյակ լաբորատորիաների հետ ՀՀ-ում ու Արցախում՝ ցուցաբերելով տեխնիկական աջակցություն և մեթոդական օգնություն, կատարելով մոնիտորինգային ու խորհրդատվական այցեր, անցկացնելով կատարելագործման դասընթացներ:

2. Բացահայտ կեղծիք է, որ նախագիծը քննարկվել է ոլորտի մասնագետների հետ, մինչդեռ Կենտրոնի բազմափորձ մասնագետները հայտնել են իրենց անհամաձայնությունը նման զարգացումների հետ, որի պատճառով հետապնդվել ու հալածվել են, արդյունքում ազատվել են աշխատանքից:

3. Բացահայտ կեղծիք է, որ օրենքում փոփոխություններն ուղղված են ծառայությունների հասանելիության մեծացմանը: Գործող օրենսդրությամբ և կարգերով ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները հասանելի են եղել բոլորին և առաջարկվող նախագիծը որևէ կերպ դրանց հասանելիության վրա չի կարող ազդել, այլ ընդհակառակը՝ հեռանկարում կարող է բերել նվազեցման:

4. Ապատեղեկատվություն է, որ ՄԻԱՎ վարակով բուժառուների հիվանդանոցային բուժումն իրականացվում էր միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Ընդհանրապես, հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն է առաջանում այդ պացիենտների փոքր մասի մոտ, որոնք հիմնականում բուժվում էին Տուբերկուլոզի, Արյունաբանության, Ուռուցքաբանության ազգային կենտրոններում, բազմապրոֆիլ կլինիկաներում և նրանց միայն մի մասը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Ավելին, ներկայում «Նորք»-ը անհայտ ժամանակով վերածվել է «Կովիդ» կենտրոնի, որևէ ՄԻԱՎ-ով պացիենտ այնտեղ վաղուց չի հոսպիտալացվում, իսկ ՀՀ-ում ինֆեկցիոն ծառայությունն այս պահին ուղղակի պարալիզված է:

5. Բացահայտ կեղծիք է, որ նախագիծը նպաստելու է թեստավորման հասանելիության մեծացմանը: Չի բերվել գեթ մի փաստարկ, որը կնշի, թե ինչը՞ ներկայում հասանելի չէ գործող օրենսդրությամբ և կարգերով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորումը հասանելի է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում առողջապահության առաջնային օղակում, անտենատալ կլինիկաներում, հիվանդանոցներում և այլուր:

6. Անհեթեթ է պնդումը, որ օրենքը խոչընդոտում է ՄԻԱՎ վարակ ունեցողին անցնել թեստավորում:

7. Անհիմն պնդումների բառակույտ է, թե նախագծով իբր օրենքը համապատասխանեցվելու է իրավունքի պաշտպանության միջազգային նորմերին և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր մոտեցումներին, կամ որ նախագիծը նպաստելու է իրավունքների պաշտպանվածությանը: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ավել իրավունքներ չեն կարող ունենալ քան այլ հիվանդները, իսկ նրանց իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են ՄԻԱՎ չունեցող մարդկանց իրավունքները:

8. Միանգամայն կեղծ է պնդումը, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գաղտնիության ապահովումը յուրահատուկ է, այն որևէ մոտեցմամբ չի տարբերվում այլ հիվանդությունների դեպքում գաղտնապահությունից: Ավելին, այս օրենսդրական նախագիծը բժշկական գաղտնիքի հետ որևէ կապ չունի:

9. Միանգամայն կեղծ է պնդումը, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման համար ԱՀԿ-ն օրենքի փոփոխության պահանջ է ներկայացրել: Առաջարկություն է եղել ապաքրեականացնել ՄԻԱՎ-ով վարակումը, բայց ոչ պահանջ: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման կարգավիճակը պահպանվում է ցուցանիշներով, որոնք նշված են ԱՀԿ ուղեցույցներում, իսկ գործող օրենքը որևէ ձևով դրան չի խոչընդոտում:

10. Միանգամայն կեղծ է պնդումը, որ գործող օրենքը խոչընդոտում է ծառայությունների ինտեգրացիային: ՁԻԱՀ-ի կենտրոնն ունեցել է տարածաշրջանում ՄԻԱՎ/Տուբերկուլոզ/հեպատիտների ինտեգրված ծառայությունների լավագույն մոդել, որտեղ գործնականում բոլոր ամբուլատոր բժշկական ծառայությունները հասանելի են եղել բուժառուների համար: Ինչ վերաբերվում է ՄԻԱՎ վարակի բուժման տրամադրմանը ԱԱՊ օղակում, ապա դրա ժամանակավրեպության մասին շեշտվել է անգամ ԱՀԿ նախնական զեկույցում և որը ոչ մի կերպ չի սահմանափակվում գործող օրենքով:

11. Միանգամայն անհիմն է առանց ծնողի իմացության հետազոտվելու տարիքային շեմը իջեցնել մինչև 14 տարեկան: Նախ դա հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, որտեղ շեմը՝ 16 տարեկանն է, հետո թեստավորումն ինքնանպատակ չի, այլ հայտնաբերման դեպքում բուժման տրամադրումն է, որի տարիքային շեմը առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի օրենքով ևս սահմանված է 16 տարեկանը: Դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Միգուցե սա կատարվում է վաղաժամ սեռական կյանքը խրախուսելու (քրեորեն պատժելի արարք) կամ սեռական կրթությունն ավելի վաղ տարիքում սկսելու համար:

12. Միանգամայն կեղծ է պնդումը, որ միտումնավոր վարակման կամ վարակման վտանգի ենթարկման քրեականացումը որևէ կերպ հանրային առողջապահական խնդիր չի լուծում: Տարիների աշխատանքային փորձը վկայում է, որ այն ունի հստակ զսպող ու կանխարգելիչ նշանակություն, բայց ոչ վախեցնող, ինչպես փորձում են ներկայացնել:

13. Միանգամայն կեղծ է պնդումը, որ հնարավոր չէ գնահատել վարակման ակնհայտ վարակի ենթարկվելը:

14. Ապատեղեկատվություն է, որ ՀՌՎ դեղեր ընդունող պացիենտը վարակիչ չի ուրիշի համար: Դեղեր ընդունելիս վարակման հավանականությունը կտրուկ նվազում է, սակայն դա իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից՝ դեղերի պարտաճանաչ ընդունումից, դեղակայունության զարգացումից, ինֆեկցիոն կամ այլ հիվանդությունների ի հայտ գալուց, և բնավ չպետք է բացառի այլ կանխարգելիչ միջոցների կիրառումը: Իսկ, եթե՞ պացիենտն ընդհանրապես հրաժարվում է բուժումից: Ապաքրեականացմամբ լեգիտիմացվում է առանց պաշտպանման միջոցների սեռական կապերի պրակտիկան կոնկրետ խմբերում, երբ ՄԻԱՎ ունեցողը այլևս չի պարտավորվի տեղեկացնել իր զուգընկերոջն իր կարգավիճակի մասին:

15. Միանգամայն անհիմն է այն պնդումը, որ նախագիծը նպաստելու է հիվանդացության նվազեցմանը: Վերջին տարիներին որևէ ռիսկային խմբում ՄԻԱՎ-ի տարածվածության աճ չի գրանցվել:

16. Միանգամայն անհիմն է այն պնդումը, որ համաճարակաբանական դիտարկումը դա մոնիտորինգն է: Մոնիտորինգի ժամանակ իրականցվում է նաև դիտարկում, բայց ոչ միայն:

17. Ապատեղեկատվություն է, որ դեղերի տրամադրումը, որը ՁԻԱՀ-ի կենտրոնի գործառույթներից ընդամենը մեկն էր, չի տուժել:

18. Ապատեղեկատվություն է, որ Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում գնացել են նույն ճանապարհով: Նախ Վրաստանում ի սկզբանե կառուցվածքը ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայության այլ է եղել, Ղազախստանում ՁԻԱՀ-ի տարածքային կենտրոնները պահպանվել են, իսկ կենտրոնականն ուժեղացվել է այլ ֆունկցիաներով, Մոլդովայում այլ տիպի վերակազմավորում է կատարվել, որը միայն վատթարացրել է իրավիճակը: Որևէ հաջող օրինակ ՀՀ-ում կիրառված մոդելի չկա տարածաշրջանում:

19. Վերջապես, ամենամեծ կեղծիքն ու սուտը կայանում է նրանում, որ իբր ներկայում դեռ կա ՁԻԱՀ-ի կենտրոն, թեկուզ ոչ առանձին, նոր միավորման՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կառուցվածքում: Այն հեշտությամբ կարելի է բացահայտել ընդամենը ծանոթանալով այդ կառուցվածքին: Մյուս կողմից ինչ հիմքով է այն պնդումը, որ օրենքի դրույթը չի նշանակում առանձին Կենտրոնի առկայություն: Սա պետական իրավասու մարմնի, թե՞ շահագրգիռ անձի մեկնաբանություն է: Ամեն դեպքում գործող օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, ըստ որի «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ)», շրջանցվել և անտեսվել է:

? Այս փոփոխությունների ԱՆ ջատագով փոխնախարար Լ.Նանուշյանը, որը տարիներ շարունակ առնչվելով ոլորտին ՁԻԱՀ-ի կենտրոնի ճիշտ անվանումն անգամ չի կարողանում արտաբերել, ժամանակին կրկին միջազգային ցուցումներին հղում անելով անցկացրեց ՄԻԱՎ ինքնաթեստավորման ծրագիրը (https://www.moh.am/#1/928, https://www.youtube.com/watch?v=D1IVQfpHQAY), որի արդյունավետությունն ու ծախսարդյունավետությունը գնահատելու համար ընդամենը հարցրեք նրան, թե քանի ՄԻԱՎ վարակի դեպք է հայտնաբերվել ու ինչքան գումար է ծախսվել մեկ դեպքի հայտնաբերման համար: Հարցրեք նրան նաև, թե ինչու՞ է նա խոչընդոտել 2019թ. ՄԻԱՎ-ով երեխայի վարակման դեպքի բազմակողմանի քննությանը (ի դեպ հարուցված է քրեական գործ), իր վիզան չդնելով արգելափակել ԱՆ գլխավոր քարտուղարի հանձնարարականով 2020թ. հունվարին նախարարի անունից աջակցության նպատակով մասնագիտական խումբ ուղարկելու խնդրանքով ՌԴ Ռոսպետնադզորի ղեկավարին ուղղված գրության ստորագրմանը:

? Վերոհիշյալ կեղծիքների բացահայտումները հեշտությամբ կարող են ստուգվել առկա օրենսդրությամբ, փաստաթղթերով ու հաշվետվություններով: Չկա որևէ հրատապություն այս օրենսդրական փոփոխությունների իրականացման համար կամ որևէ կապ ազգային օրակարգի հետ, բացի ՁԻԱՀ-ի կենտրոնի փաստացի ապօրինի լուծարման պոստֆակտում լեգիտիմացումը, անձնական շարժառիթներով միջազգային կառույցների առջև կամավոր ստանձնած պարտավորությունների կատարումը, որի մասին աներկբա վկայում է քրեական օրենսգրքի սպասվող փոփոխության շրջանակում ՔՕ 123-րդ հոդվածի փոփոխությունների դիտարկումից ԱՆ պաշտոնյաների հրաժարումը: Այս օրենսդրական փոփոխությունների համար արդյունավետության կամ ծախսարդյունավետության որևէ գնահատում չի կատարվել, այլ ընդհակառակը՝ շահագրգիռ կանխամտածվածությամբ գործող մոդելը քանդվել է: Նախագծով փաստացի անտեսվում են ՀՀ հակահամաճարակային անվտանգության շահերը, վերացվում է առողջապահական բնագավառում երկրի սուվերենությունը, դրսևորվում է ոչ պետականամետ մոտեցում:

? Ներկայացված նախագծերը 04.03.2019թ.-19.03.2019թ. հրապարակվել և քննարկվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft): Քննարկմանը մասնակցել են ընդհանուր թվով 146 մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը՝ 73%-ը(107 մարդ) նախագծին դեմ է քվեարկել (https://www.e-draft.am/projects/1545):

? Կայացած փաստ է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում բոլոր նախորդ միջազգային ճանաչում ստացած ձեռքբերումները մեր երկիրն արձանագրել է գործող օրենսդրության պայմաններում (shorturl.at/uBFTU):

? Արդյունքում, ՁԻԱՀ-ի կենտրոնի վերակազմավորումը և փաստացի վերացումն իրականացվել է գործող օրենսդրության կոպիտ ոտնահարման պայմաններում, որին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը պարտավոր էր գնահատական տալ, իսկ ներկայացրած փաթեթը՝ մերժել, տարանջատվելով կատարված ապօրինություններից, որը ցավոք տեղի չի ունեցել:

? Կոչ ենք անում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, մասնակից չդառնալ նախարարության կողմից առողջապահական համակարգի մի ողջ ոլորտի ապօրինի կազմաքանդման պոստֆակտում լեգիտիմացմանը:

«Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս