Հիշողության թարմացում Նազելի Բաղդասարյանի համար, կամ սուտը` որպես իշխող ուժի քաղաքական կատեգորիա
Երեկ 1988թ. աղետալի զոհերի հիշատակի հարգման 32-րդ տարելիցն էր, որին ի պաշտոնե մասնակցում էր նաև ՀՀ դե յուրե ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մասնակցում էր անվտանգության աշխատակիցների աննախադեպ քանակի ուղեկցությամբ, Գյումրու կենտրոնական փակ փողոցների պայմաններում, բայց մասնակցում էր, ինչը, թերևս, օրինաչափություն պիտի համարվեր նորմալ երկրում, բայց ոչ լավություն` ծախված սեփական քաղաքացիների վրա:
Բայց քանի որ մենք սովոր ենք, որ այսօր ամեն ինչ են որպես լավություն ծախում մեզ վրա, արդեն չենք էլ զարմանում նման դրսևորումների վրա, սակայն, որ դա կանի ոչ թե շարքային ֆեյքը, այլ Ազգային ժողովի պատգամավոր, համաձայնեք, եթե այս իշխանությունների պարագայում տարօրինակ չէ, գոնե ընկալելի էլ չէ:
«Այսօր, երբ ոմանք ԱԺ ամբիոնից քննարկում էին վարչապետի պաշտոնավարման հարցը, վարչապետը նաև իրենց անունից էր ծաղիկներ խոնարհում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում։ Թեև հարգանքն ու ապրումակցումը քաղաքական կատեգորիա չէ, բայց հարգե՛ք մեր սուգն ու վիշտը»,- իր ֆեսբուքյան էջում գրել է իշխող ուժի պատգամավոր, Շիրակի մարզը ներկայացնող Նազելի Բաղդասարյանը:
Չանդրադառնանք այս պարզ մանիպուլյացիային, որին դիմել էր պատգամավորը` արդարացնելու իրենց` ոչ հաճո թեմաներով խորհրդարանական լսումները տապալելու գործելակերպը, ինչի ականատեսը եղանք նաև այսօր, երբ կեղծ քվեարկության միջոցով 3-րդ փորձից մի կերպ կարողացան գերիների հարցով բաց լսումները սղացնել ու անցկացնել փակ:
Ուշագրավն այստեղ մի մեկնաբանություն է, որում հիշյալ պատգամավորը գերազանցում է երևի թե նույնիսկ ինքն իրեն:
Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե վարչապետն ուղղակի իր պարտականությունն է կատարել՝ պետք չէ հերոսացնել, Նազելի Բաղդասարյանը պատասխանում է. «Նախկին ղեկավարներն էլ թող ամեն տարի նույն պրիմիտիվությամբ այցելեին Գյումրի։ Ես, որ չեմ հիշում, իսկ Դո՞ւք»:
Տիկին պատգամավորը, փաստորեն, չի հիշում դեպք, երբ երկրի նախկին ղեկավարները երկրաշարժի օրն այցելել են Գյումրի՝ մասնավորապես, և աղետի գոտի` առհասարակ: Բայց ավելի սարսափելի բան էլ կա. նրա հետ միասին հիշողության կորուստ ունեն ևս 62 հոգի՝ ժամը 11:45-ի դրությամբ:
Քանի որ Նազելի Բաղդասարյանի թիրախը վստահաբար ՀՀ նախորդ երկու նախագահներն են, հատուկ Նազելի Բաղդասարյանի համար հիշողության թարմացում անենք:
«Այսօր լրացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարելիցը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավանդաբար այս օրն այցելում է տասնյակ հազարավոր զոհեր տված Գյումրի»,- սա Google որոնողական համակարգով այս թեմայով պատահական փնտրած առաջին տեղեկատվությունն է: Խոսքը վերաբերում է 2006թ.: Գրողն «Ազատությունն» է:
Նույն շարքում նաև նրա` իր նախագահության մնացած տարիների այցելությունների մասին հրապարակումներ կգտնեք:
«Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին»,- սա էլ նույն «Ազատություն» ռ/կ հոդվածն է 2009թ. Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ նրա այցելության վերաբերյալ:
Կրկին նույն որոնողական համակարգում կարող ենք տեսնել նաև ՀՀ 3-րդ նախագահի մյուս այցելությունները Գյումրի դեկտեմբերի 7-ին:
Նազելի Բաղդասարյանը հասուն կին է, ով դժվար այնքան վատ հիշողություն ունենա, որ գոնե մեկ դեպք նշվածներից չհիշեր: Գոնե կարող էր դիմել իր մորը` Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Մինասյանին, ով վստահաբար լուսաբանած կլինի նախագահների` Գյումրի այցերը դեկտեմբերի 7-ին:
Իսկ թե ինչու է ստում Նազելի Բաղդասարանը, թերևս, միայն ինքը կիմանա: Մենք արձանագրում ենք սոսկ փաստը: Իսկ ուրիշներին իրենց սուգը հարգելու կոչ անող պատգամավորը նախ ինքը պիտի հարգի իր սուգը` այն էժան մանիպուլյացիաներով ու քարոզով չմթագնելով: