Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ էլիտաների հեղաշրջման փորձ է․ Ալեն Սիմոնյան
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով։ Նրանք չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը։ Սա, թերևս, զարմանալի չէ, հաշվի առնելով, թե այս էլիտաների հեղաշրջման փորձն ում կողմից է կազմակերպված։ Բնական է, որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները։ Հիմա կասեմ այդ էլիտաների անունները և նախապես ուզում եմ ասել, որ բնական է, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, էլիտաները՝ տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները «բրթվում» են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի։
ԱԺ փոխնախագահը զարմանքով հարցնում է, թե ինչո՞ւ պետք է արտահերթ ընտրությունները լինեն մեկ տարի հետո, ինչպես նշում են ընդդիմադիր քաղաքական ուժերը։
«Ինչո՞ւ մեկ տարի հետո, եկեք հիմա անենք։ Իհարկե, ես չեմ բացառում, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, ամենակարևորն այն է, որ այսօր ՀՀ իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, այս իշխանությունը եզակի իշխանություն է, որն այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ ընտրության կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ է որոշել, որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի, կարող է Դուք ուզում եք, որ Էդմոն Մարուքյա՞նը լինի։ Եթե նման հարց կա, ու խոսում են ժողովրդի անունից ու ասում, թե ժողովուրդը կգնա, կջնջի, եսիմ ինչ-որ ժողովրդի անունից ագրեսիա են տարածում»,- ընդգծեց նա։