Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի հրաժարականը։

Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատ, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։

Իրավունքը տեղեկացավ, որ քիչ առաջ վարչապետի եւ նրա կառավարության հրաժականի պահանջով հստակ հայտարարությամբ են հանդես եկել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը վարչական ղեկավարները

Տեքստում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։

Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել:

ՈՒստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։

Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս