«Խախտվել է ոչ միայն ԼՂՀ հարցի, այլև Հայաստանի անվտանգության կոնցեպտը». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակի հետ կապված այն մարդկանց հետևությունները, որոնք հայտարարում են, թե ընդդիմության և իշխանության գործողությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Հիշեցնենք, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
«Ես մի քիչ այլ ձևով ասեմ, իհարկե, այդ մտահոգությունը պետք է բոլորս ունենանք, որ հանկարծ Հայաստանում չլինեն ֆիզիկական բախումներ: Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և ես չեմ տեսնում իրավիճակից դուրս գալու, այլ տեսնում եմ մարդկանց դեպի ագրեսիվություն տանելու ելույթներ, դա կարող եք կարդալ և՛ համացանցում, և՛ իշխանությունից, նշանակություն չունի, ես ընդհանուր, որպես երևույթ եմ ասում: Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչի, բայց ինձ թվում է, որ, երբ իրավիճակը վատ է, և պետությունը վտանգված է, պետք է իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:
Նա ընդգծեց, որ ինքն այսօր հիմնականում աշխատում է Եվրոպայի, սփյուռքի գործիչների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի, որտեղ, նրա խոսքով՝ գտան այն հիմնական օրակարգը, որի շուրջ աշխատում են:
«Մեկը կարող է ասել՝ վտանգը գալիս է սրանից կամ նրանից, ոչ՝ վտանգը գալիս է Թուրքիայից: Այսինքն՝ այսօր այն, ինչ տեղի ունեցավ, մենք գիտենք՝ ինչու տեղի ունեցավ, Սփյուռքը պետք է միավորենք այս հարցի շուրջ և նայենք, թե ինչպես պետք է չեզոքացնենք այդ վտանգը: Այսօր Թուրքիայի ներկայությունը մի սահմանից մտավ մեկ այլ սահման»,- շեշտեց նա:
Նա նաև ընդգծեց, որ բոլորը պետք է օրենքի շրջանակներում գործեն, իսկ եթե բախումներ լինի, ապա դա նշանակում է օրենքի խախտում, որևէ մեկն իրավունք չունի դա անելու.
«Ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանության ոտքը չպետք է անօրինական ձևով տրորվի: Հիմա իմ աշխատանքը ես ինչպե՞ս եմ տեսնում․ ես տեսնում եմ, որ խախտվել է ոչ միայն ԼՂՀ հարցի, այլև Հայաստանի անվտանգության կոնցեպտը»: