Ապոստիլի գործառույթները բացառապես կիրականացնի մեկ մարմին՝ Արդարադատության նախարարությունը. ԱԺ հանձնաժողովը հարցի քննարկումը տեղափոխեց հաջորդ նիստին

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՀՀ պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը հեղինակել ու հանձնաժողովին է ներկայացրել Կառավարությունը։

Նշենք, որ ապոստիլը հատուկ դրոշմակնիք է,   որով վավերացվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

Նախագծի զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի հիմնավորմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը բխում է Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների տրամադրման նոր ձևաչափ սահմանելու, դրանք առավել հասանելի դարձնելու և ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգ ստեղծելու հայեցակարգից։

«Հայեցակարգում մենք ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, այս նախագծերը հիմնականում լուծում են այն կարճաժամկետ ծրագրերը, որ այս պահին կան, նաև իրավական բազա են ստեղծում երկարաժամկետ խնդիրների լուծման համար։ Մասնավորապես, հայեցակարգի նպատակն է, որպեսզի մշակվի և ներդրվի հանրային ծառայությունների տրամադրման այնպիսի համակարգ, որով հնարավորություն կստեղծվի օպտիմալ ռեսուրսներ մատուցել առավելագույնս արագ, պարզ, թափանցիկ, կոռուպցիայից զերծ հանրային ծառայություններ, ապահովելով սպասարկման բարձր որակ, հանրային ծառայությունների համընդհանուր ծառայություն և մատչելիություն, ինչպես ՀՀ-ում,  այնպես էլ օտար երկրներում գտնվող մեր քաղաքացիների կամ այլ շահագրգիռ անձանց համար»,- նշեց Արդադարատության նախարարի տեղակալը։

Անդրադառնալով բուն նախագծին՝ Վահե Դանիելյանը շեշտեց, որ օրենքի նախագիծն առաջին անգամ է ընդունվում։

«Այս օրենքը կարգավորում է ՀՀ-ում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Այս հարաբերությունները կարգավորող նաև  երկու իրավական ակտ ունենք՝ 2010 թվականի Արդարադատության նախարարի հրաման և 2000 թվականի Արտգործնախարարի հրամանը, որոնցով սահմանվում է, թե որ իրավական ակտերն են ենթակա ապոստիլի։ Հիմա քաղաքացիների համար խնդիր է առաջանում, քանի որ երկու պետական մարմիններն են իրականացնում ապոստիլի ծառայությունները, հասկանալի չէ, որ դեպքերում, որ պետական մարմինն է իրականացնելու ապոստիլի ծառայությունները, որպեսզի հնարավորություններ ունենան օգտվելու այդ ծառայություններից։ Սույն նախագծով մենք նախատեսում ենք, որ ապոստիլի գործառույթները բացառապես կիրականացնի մեկ մարմին՝ Արդարադատության նախարարությունը։ Միաժամանակ դիմումների ընդունման համար կստեղծվի միասնական կարգ»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս