ՄԻՊ-ը միջազգային մարմիններին կներկայացնի հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային մարմիններին կներկայացնի էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ զեկույցը: Արման Թաթոյանն այս մասին հայտարարություն է տարածել:
«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ: