«Չգիտենք՝ ադրբեջանական կողմն ինչ է ասում, տեղեկություն չունենք, թե նրանք քանի հայ գերի են հաստատել՝ մենք գիտենք, որ շատ են». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմին պետք է լեգիտիմ բանակցող, չպարտված բանակցող, որը կկարողանա գերիների վերաբերյալ խնդիրները բարձրացնել։
«Կարծում եմ՝ գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ ՌԴ-ն է, որ միջնորդել է հայտնի փաստաթղթի ստորագրմանը, և այս պահին նա է, որ հետևում է, թե որ կետը երբ իրականացվի։ Այ, եթե մենք դեկտեմբերի 1-ին դուրս չգանք, ռուսական զորքն է, որ կանգնած ասում է՝ այս կողմ պետք է գնաք, այդ ժամկետներին հետևում է ռուսական կողմը։ Հետևաբար՝ իմ պահանջն այն է եղել, որ նաև հետևեն գերիների վերադարձին, այդ պահանջով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մյուս կողմից, քանի որ մենք լուրեր ունեինք, որ Բաքվում իրենց հաղթական շքերթի ժամանակ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ, ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիայով դա արգելված է։ Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիայի կողմ, ՄԱԿ-ից, «Կարմիր խաչից» արդեն որոշակի ուղերձներ են գնացել Ադրբեջան, առ այն, որ նրանք իրավունք չունեն հայ գերիներին օգտագործել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա, Եվրոպայի խորհրդի միակ մարմինը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է, որը կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ՝ բանտեր, փակ վայրեր, հետևաբար՝ դիմել է կոմիտեին և խնդրել կատարել չպլանավորված այց, որը հնարավորություն կտա հայտնաբերել բանտերում պահվող հայ ռազմագերիներին, նաև տեղեկություն տալ պահվող քաղաքացիական անձանց մասին։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ սա նախ՝ կփրկի նրանց կյանքերը, զերծ կպահի խոշտանգումներից, նաև կհաստատվի, թե քանի մարդ է այնտեղ պահվում։
«Գերիների հետ կապված՝ հայկական կողմի տվյալները տարբեր են, դրա համար ես դա պահանջել եմ։ Նաև ամենօրյա ռեժիմով այլ քայլեր ենք անում, օրինակ առաջարկել ենք, որպեսզի ստեղծվի եռակողմ հանձնաժողով՝Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի կողմից գան մտնեն մեր բանտեր,. Տեսնեն՝ իրենց գերիները որտեղ են, ինչպես են, մեր ներկայացուցիչը՝ ռուս ներկայացուցչի հետ, գնան ադրբեջանական բանտեր՝ տեսնելու, թե այնտեղ պահվող գերիներն ինչպես են։ Մենք սա էլ ենք Արտակ Զեյնալյանի հետ քննարկել, քանի որ նա Եվրոպական դատարում հայ գերիների հետ կապված անհատական գանգատներով է զբաղված»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև շեշտեց, որ ստորագրված հայտարարության մեջ տարածքների հանձնման հետ կապված հստակ ժամկետներ են նշված, իսկ գերիների հանձնման վերաբերյալ ոչինչ չկա, ինչը մեծ բացթողում է։ Սակայն սա չի նշանակում, որ ռազմագերիներին կարելի է անորոշ ժամանակով պահել և իրացնել այն կետը, ըստ որի՝ պետք է գերիներին փոխանակել։
«Կառավարությունը կարող է իրականացնել բազմաթիվ քայլեր, դա կարող է իրականացնել նաև այսօր, բայց իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ , ես չեմ տեսնում, որովհետև նման տեղեկություն հրապարակային չկա։ Մարդիկ, մեր զինվորների ծնողներն անորոշությունից գժվում են՝ գնում են ՌԴ դեսպանատան մոտ, հետո՝ «Կարմիր խաչի» շենքի մոտ, չգիտեն՝ ինչ անել։ Հայկական կողմն իր ստանձնած պարտավորությունները ժամացույցի ճշգրտությամբ իրականացնում է, հիմա մնում է մյուս կողմից պահանջել, որպեսզի իրենք էլ իրենց պարտավորությունները կատարեն։ Մենք չգիտենք՝ ադրբեջանական կողմն ինչ է ասում, տեղեկություն չունենք, թե նրանք քանի հայ գերի են հաստատել, ընդունել, մենք գիտենք, որ շատ են»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։