Դավաճանության և անգրագիտության հետևանքները․ Արցախի կորսված ու կորսվելիք բնակավայրերը
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դավաճանության և անգրագիտության հետևանքները․ Արցախի կորսված ու կորսվելիք բնակավայրերը
‼️ Նախ ֆիքսենք հետևյալը․
ա) Արցախի Չարեքտար և Ակնաբերդ գյուղերը խորհրդային տարիներին եղել են Մարտակերտի շրջանի կազմում,
բ) Արցախյան ազատագրական պատերազմի արդյունքում, երբ մենք վերադարձրինք մեր պատմական Ծարը՝ Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, այդ հատվածում ձևավորվեց Շահումյանի շրջանը, որի մեջ ինչ-ինչ նկատառումներից ելնելով ներառվեցին նաև Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Չարեքտարն ու Ակնաբերդը։
գ) 1991 թ․ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը «լուծարեց» ԼՂԻՄ-ը (ի դեպ այդ որոշումը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեի կողմից հակասահմանադրական ճանաչվեց) և ըստ իրեն «արդեն գոյություն չունեցող մարզի» տարածքները այլ վարչական բաժանման ենթարկեց։ «Նախկին» Մարտակերտի գրեթե կեսը ներառվեց Քելբաջարի շրջանի մեջ (տես կից նկարը), այդ թվում՝ Չարեքտարը, Ակնաբերդը, անգամ Վանքն ու Գանձասարը, Քոլատակն ու մարտակերտյան շատ բնակավայրեր։
‼️ Հիմա այն մասին՝ ինչ կատարվում է այսօր և ինչ կարող է կատարվել վաղը, եթե թույլ տանք ու դիմացը չառնենք։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակող հայտարարության 6-րդ կետով «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը»: Ի՞նչ ենք «վերադարձնում» իրականում։
▪️ Ադրբեջանը բնականաբար ուզում և ուզելու է այն Քելբաջարի շրջանը, որն ինքն էր ձևավորել 1991 թվականի նոյեմբերի 26-ից հետո, որի մեջ մտցրել էր Մարտակերտի շրջանի գրեթե կեսը, այդ թվում, կնկնեմ՝ Ակնաբերդն ու Չարեքտարը (կետ գ)։
▪️ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը, հանձնառություն վերցնելով “վերադարձնել” Քելբաջարի շրջանը, առանց իմանալու և հասկանալու, իսկ գուցե և շատ լավ իմանալով ու հասկանալով, որ խորհրդային տարիների Քելբաջարի շրջանը ամենևին նույնական չէ մերօրյա Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, նույնացրել է այդ երկուսը և այսօր թշնամուն է հանձնում ոչ թե էն հին Քելբաջարի շրջանը, այլ ներկայիս Շահումյանի շրջանն իր բոլոր բնակավայրերով, այդ թվում, կրկնեմ՝ Մարտակերտի այն բնակավայրերը, որոնք ժամանակին մենք ինքներս որոշակի նկատառումներից ելնելով մտցրել էինք նորաստեղծ Շահումյանի շրջանի մեջ (կետ բ)։
‼️ Անգրագիտության ու դավաճանության հետևանքով Չարեքտարն արդեն հանձնման ընթացքի մեջ է, մարդիկ լրիվ այրել են իրենց տներն ու լքում են հայրենի գյուղը։ Գոնե Ակնաբերդի հանձնումը պետք է կանխել, քանի որ Ակնաբերդը թշնամուն տալով՝ փաստացի տալու ենք նաև Սարսանգի ջրամբարը, Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ գյուղերը, ինչն անդառնալիորեն բերելու է Մարտակերտի անկմանը։
‼️ Բացի այդ, հանցավոր անփութության, անգրագիտության, չիմացության հետևանքով, իսկ գուցե և գիտակցաբար հայտարարության մեջ ամրագրվել է ոչ թե մինչ 1991 նոյեմբեր 26-յան Քելբաջարի շրջանը, այլ պարզապես Քելբաջարի շրջան, որն ըստ էության Ադրբեջանին հիմք, առիթ ու հնարավորություն է տալիս պահանջելու 91-ի նոյեմբերից հետո թղթի վրա իր ստեղծած մեծ Քելբաջարի շրջանը, ինչն էլ նա արդեն անում է։ Ու չզարմանաք, որ առաջիկայում Ադրբեջանը որպես Քելբաջարի մաս պահանջներ ներկայացնի նաև Գանձասարի, Մարտակերտի շրջանի Դրմբոն, Վանք, Քոլատակ և այլ բնակավայրերի նկատմամբ։
Պետք է րոպե առաջ հստակեցում մտցնել “վերադարձվող Քելբաջարի շրջան” ասվածի մեջ, այլապես կորցնելու ենք անգամ այն, ինչը դեռ փրկել հնարավոր է ․․․
Չեք մարսելու․․․»։