«Օր առաջ նոր բանակցող է անհրաժեշտ». Դավիթ Խաժակյան

«Շաբաթ օրն այցելել էինք Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սոցիալ-տնտեսական խնդիրներին և առհասարակ այն աղետին, որն այս իշխանությունները բերեցին Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նախ նշեց, որ այս պահին Արցախը Հայաստանին կապող ամենաբանուկ ճանապարհը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն է, որը, համաձայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության և ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու օրից անցնելու է ադրբեջանական կողմին։ Բերձորի միջանցքը, ըստ նրա, որի վերաբերյալ օրեր առաջ հայտարարվեց, որ անցանելի է և անվտանգ, կիրառվում է, սակայն կան մտահոգություններ այդ ճանապարհի ապահովության վերաբերյալ, և հուսանք, որ երկու օրվա մեջ պետք է լուծվի։

«Ամեն դեպքում մեզ խորհուրդ էր տրվում վերադառնալ նույն ճանապարհով՝ Քարվաճառով։

Այցելեցինք Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներ։ Ամենուր նկատելի էին ենթակառուցվածքների, տների և այլ շինությունների վնասվածքները։ Մարտակերտ քաղաքում են տեղակայվել այն բնակիչները, ովքեր օրեր առաջ անսպասելիորեն տեղահանվեցին շրջանի 7 գյուղերից։ Նրանց բնակության կենցաղային պայմանները ներկայումս, մեղմ ասած, ապահովված չեն. բնակվում են համայնքապատկան շինություններից մեկում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտում ևս նկատելի են վնասված տները և ենթակառուցվածքները, բայց կա հույս, որ բնակիչների վերադարձին զուգահեռ՝ այդ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։

«Մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ այն մարդկանց կացության խնդիրը, ովքեր տեղահանվել են հանձնված տարածքներից և չունեն միջոցներ սեփական ապրուստն ապահովելու համար։ Համենայն դեպս, պետական մակարդակով ես չեմ լսել որևէ համալիր ծրագրի մասին, որով պետք է սկիզբ դրվի այդ խնդիրների լուծմանը։ Ուշագրավ է, որ այդ խնդիրների մասին ներկայումս ավելի շատ լսում ենք ռուսական կողմից։ Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանական ներկայացուցիչներն ավելի մտահոգ են իրենց պաշտոնների պահպանմամբ, քան այդ խնդիրներով։

Ի դեպ, տեղյակ եք, որ ստորագրված հայտարարությամբ նախատեսվում է կոմունիկացիաների ապաշրջափակում և տեղահանվածների վերադարձ բոլոր շրջաններ։ Հարց է առաջանում, թե եթե Մարտակերտի՝ նախկինում Աղդամի շրջանում ընդգրկված 7 գյուղերի բնակիչները տեղահանվում են իրենց տներից, այդ ինչպե՞ս է հադրութցին վերադառնալու իր տուն։ Թղթի վրա՞ են մնալու այդ դրույթները, թե՞ պետք է բանակցվեն։ Այսպիսի շատ հարցեր կան»,- հարցեր է առաջ քաշում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությամբ, ըստ Դավիթ Խաժակյանի,  առաջացել են տասնյակ բաց հարցեր, որոնք առանց եռակողմ համաձայնությունների, բանակցությունների լուծվել չեն կարող։

«Ամբողջությամբ փոխվել են սահմանային բնագծերը, ինչպե՞ս պետք է դրանք անցնեն, ի՞նչ ռազմական գործառույթներ է ունենալու ՊԲ-ն, պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե Քարվաճառի հանձնումից հետո ինչպե՞ս է Ադրբեջանն ապահովելու հաղորդակցությունն այդ շրջանի, ինչպես նաև Շուշիի հետ։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես էին ռուս խաղաղապահները հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներով ուղեկցում Շուշիից դուրս եկող ադրբեջանական ուժերին, չէ՞ որ Ադրբեջանը չունի Շուշիի հետ ճանապարհային հաղորդակցություն։ Այս և մի շարք այլ հարցերի լուծումը շատ կարևոր է բնակության նորմալ պայմանների ստեղծման համար, բայց հասկանալի է, որ հայաստանյան իշխանություններն ունակ չեն ըմբռնելու այս խնդիրները և բանակցելու դրանց շուրջ։ Օր առաջ նոր բանակցող է անհրաժեշտ»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Ինչպես նշեց Երևանի ավագանու անդամը, պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները զինվորական համազգեստով նկարահանվելուց հետո ռազմական գործառույթներ չկատարեցին, բայց հիմա կան կառավարչական գործառույթներ, որոնց հասցեատերն իրենք են, սակայն այժմ անցել են ընդհատակ՝ կարծելով, որ կարող են իրենց անպիտան լինելը մոռացության տալ։

Տեսանյութեր

Լրահոս