Բաժիններ՝

Նարիմանովը` ռեկտո՞ր

Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը:

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո: Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

Մինչև երեկ քննարկվում էր, որ ռեկտորի հնարավոր թեկնածուներն են Սամվել Ավետիսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Արա Մինասյանը: Վերջինս նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Երեկ Բժշկական համալսարանի աշխատակիցներից ոմանք արդեն ռեկտորի պաշտոնում «ընտրվելու» կապակցությամբ շնորհավորում էին բոլորովին այլ մարդու` Միքայել Նարիմանյանին (Նարիմանով): Իսկ բուհի աշխատակիցների մեծամասնությունը միմյանց այդ լուրը փոխանցում էին առանձնակի քրքջանքով, ընդունում էին` որպես օրվա լավագույն հումոր:

«Մե ծիծաղ, մե ուրախություն…»,- ինչպես ասվում է պարսկահայերի մասին պատմվող հայտնի անեկդոտում: Երեկ, փաստորեն, ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ս. Ավետիսյանը, և նրա փոխարեն նշանակվել է համալսարանի մյուս` գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը` Նարիմանյանը: Վերջինիս այդ պաշտոնում նշանակել էր Դերենիկ Դումանյանը:

Կարդացեք նաև

Մ. Նարիմանյանը 2006-2011թթ. ԵՊԲՀ-ի ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտորն էր, 2011թ. մայիսից` կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը, 2011թ. օգոստոսի 25-ից առ այսօր` ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը և ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսորը: Բուհի աշխատակիցները թեև նշում են, որ նա լավ մարդ է, սակայն ասում են, որ իշխանություններին ձեռնտու տարբերակ է, քանի որ նա ցանկացած հրահանգ «հլու-հնազանդ» կատարող է` ի տարբերություն Ս. Ավետիսյանի, ով ոչ միայն կարողանում էր դիմադրություն ցուցաբերել թե նախկին ռեկտոր Գոհար Քալաշյանի կամայական որոշումներին և հրահանգներին, թե Դերենիկ Դումանյանի:
Ի դեպ, երեկ բուհում նաև խոսակցություններ էին շրջում, թե Նարիմանյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է:

Նարիմանյանը աշխատակիցների շնորհավորանքները չի մերժել, պարզապես խնդրել է սպասել և դա անել նոյեմբերի 17-ին: Իշխանությունները, փաստորեն, կատարել են իրենց ընտրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս