«Մենք չենք կարող թողնել, որ մեր երկիրը դառնա պարտված տղամարդկանց երկիր». գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի կոչը
«1990թ. 1-ին անգամ Հայաստանում՝ քաղաքամայր Երևանում, ես «Կինո Մոսկվայի» և «Երևան» հյուրանոցին հարող տարածքում մոմավառություն կազմակերպեցի: Անհամեստաբար պիտի ասեմ, որ այդ մոմավառության հեղինակը ես էի: Հավաքվել էր Երևանի ամբողջ մտավորականությունը՝ մասնակցելու և նաև դրամահավաքի, որովհետև արդեն շրջափակումը սկսվել էր, և մենք ուզում էինք օգտակար լինել Արցախին՝ մեր աչքի լույս հայրենիքի այդ հատվածին:
Այսօր 2-րդ մոմավառությունն է, որին ես տանից եմ մասնակցելու. Ֆիզիկապես ի վիճակի չեմ մասնակցելու:
Իմ թանկագին ժողովուրդ, այսօր մեր հրեշտակների համար ենք մենք մոմ վառում: Առաջին մոմավառության ժամանակ դեռ այդ հրեշտակները քայլում էին, մեզ հետ էին: Մի կերպ զենք էինք հավաքում՝ որսորդական հրացաններ, բերդանկաներ, հևիհև պատրաստվում էինք պատերազմի: Ոչ ոք մեզ չէր ասել, որ պետք է պատերազմ լինի, բայց մենք տարօրինակ տաղանդավոր ձևով հասկանում էինք, որ այդ պատերազմը հեռու չէ, պայթելու է մեր գլխին, որովհետև մեր հարևանը թուրքն է, ինչ անուն ուզում է՝ ունենա՝ ադրբեջանցի… Այնտեղ ոչխարները տարբեր գույների են, ըստ այդմ էլ նրանց ցեղերն են կոչվում: Սև ոչխար են թե սպիտակ՝ չգիտեմ:
Բայց մեր սերունդը պատրաստվեց, պատրաստվեց… Ոչ բանակ ունեինք, ոչ նորմալ զենք ունեինք, և գլխներիս Սովետական կայսրության սապոգն էր ճզմում մեզ: Բայց ոչ մի բանից չերկնչեցինք: Պատրաստվեցինք, և այդ պատերազմը սկսվեց, պայթեց մեր գլխին, և մենք հաղթեցինք: Հաղթեցինք և այդ հաղթանակը բանաստեղծության նման, որպես Շուշի, հառնեց մեր աչքի առաջ: Այդ հիշողությունը երբեք չենք մոռանա, այդ հիշողությունը երբեք չենք կորցնի, որովհետև Շուշիի հաղթանակից հետո հասկացանք, որ մենք վերջնականապես հաղթել ենք: Այդ բանաստեղծությունը բոլորիս արյան բջիջների մեջ մխրճվեց: Քանի՜ սերունդ է 1992-94թթ. պատերազմից հետո այդ բանաստեղծությամբ ապրել, ոգևորվել, ոգեկոչել:
Եվ այսօր մենք 2-րդ շատ մեծ մոմավառությանն ենք մասնակցում: Մեր հրեշտակներին մենք պիտի ճանապարհենք: Ի՜նչ հրեշտակներ:
1960-ականներին լեհ գրող Գեմբարսկին հաշվել էր, թե եթե 1915թ. Եղեռնը չլիներ, մեր ժողովուրդն ինչքան էր մեծանալու, ինչքան էին ծնելու, ինչքան էին բազմանալու: Մոտավորապես, եթե չեմ մոռացել, հիշում եմ՝ 10 միլիոն էինք դառնալու:
Հիմա էլ մենք պիտի նստենք ու հաշվենք, թե այդ 4000 մատղաշները, մեր ազգի սերմացուն բազմապատկվելու էին, մեր ազգը որքան էին դարձնելու:
Գնացին, մեր հրեշտակներն են, իրենք մեր լույսի սիմվոլներն են: Իրենք վերևից էլ են մեզ պահպանելու: Այնպիսի օր չէ, որ ես կարողանամ մի քիչ խնդուկ մտցնել իմ ձայնի մեջ և ոգեշնչված նախադասություններ ասել: Իմ մասնագիտությունն է՝ հղկված, լավ բառեր ասել, բայց ես ի վիճակի չեմ, ուժ չունեմ, որովհետև այս պատերազմի օրերին ես նույնքան սարսափներ ու տառապանքներ տեսա:
Պատերազմն ընդհանրապես չէ, պատերազմը մասնավոր է: Իմ թոռն իր զինվոր ընկերների հետ չհամբերեց էլ, որ իրեն՝ որպես բանակում ծառայած զինվորի, կանչեն. Կամավոր գնացին: Եվ պատկերացնում եք, թե ես ինչպես էի թրթռալով սպասում նրա վերադարձին, և նրա վերադարձով՝ նաև բոլորիդ զավակների վերադարձին:
Թոռս վերադարձավ. Ես երջանիկ եմ դրա համար, բայց ես չեմ կարող այդ ցավը, այդ կսկիծը, սարսափը, սպասումը մոռանալ, որ այս օրերին ես ապրեցի: Այսինքն՝ ես հստակ գիտեմ, թե դուք ինչ սարսափներ եք ապրել, սիրելի ծնողներ, մայրեր:
Տարիներ առաջ ես մի հոդված գրեցի, որտեղ ասացի, որ փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի հոգնել են պարտված տղամարդկանց երկրում ապրելուց, որ մենք առնական տղամարդկանց երկրում ենք ապրում: Եթե փափկասուն տիկնայք ենք, ուրեմն մեր տղամարդիկ պիտի առնական լինեն, հաղթած, հաղթող: Հիմա էլ եմ նույն կարծիքի, որ իմ տղամարդիկ, իմ ժողովրդի զավակներն Առյուծասիրտ Մհերներ են: Վերջերս մեզ նվիրված մոսկովյան մի հաղորդում էի նայում, որտեղ փորձառու մի ռուս գեներալ ասաց՝ եթե առյուծներին ղեկավարում է ոչխարը, առյուծները կպարտվեն:
Եկեք մենք մտածենք, որ չենք կարող այլևս թույլ տալ, որ առյուծների այս զարմին ոչխարներ ղեկավարեն, չենք կարող թույլ տալ, որ փողոցից պատահական բախտախնդիրներ գան մեր գլխին: Շատ թանկ է մեր արյունը: Մեր ամեն մի զոհված հրեշտակը մի տուն է, մի ճրագ, մի մոմ: Մենք պետք է ավելի խելացի լինենք: Մենք պետք է մեր չնչին գրգիռները մի կողմ թողած՝ մի քիչ մեր այս թանկարժեք, տառապյալ, հնամենի, առյուծասիրտ, առյուծներ ծնող ժողովրդի մասին մտածենք:
Սիրելի կանայք, թանկագիններս, իմ քույրեր, իմ զավակներ, իմ տատիկներ, մամաներ, սիրած աղջիկներ, ավելի ուշադիր լինենք այս փոքրիկ չքնաղ դրախտավայրի համար: Ավելի ուշադիր լինենք՝ պահպանելու:
Այս սերունդը չպիտի կոտրվի: Այս սերունդը մեզ նման է: 30 տարի առաջ մենք կերտեցինք այս հաղթանակած, ուղիղ ողնաշար ունեցող հայերի երկիրը, մինչև մեր օրերը:
Մենք իրավունք չունենք կոտրվելու, մենք պարտավոր ենք հասկանալու, որ սա մի սարսափելի տխուր էպիզոդ է ընդամենը, ծանր էպիզոդ, բայց մենք պիտի ոտքի կանգնենք: Մենք չենք կարող թողնել, որ մեր երկիրը դառնա պարտված տղամարդկանց երկիր:
Հատուկենտ բախտախնդիրներն են պարտվել, մենք չենք պարտվել:
Ես ուզում եմ իմ այս խոսքն ավարտել մեր ազնվական, մեծ բանաստեղծ Վահան Տերյանի խոսքերով՝
«Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման։
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»:
Դեռ հիշողությունս չի դավաճանում, դեռ կարողանում եմ անգիրներ հիշել փոքրիկ վրիպակներով: Ամուր եղեք: Մեր հիշողությունը մեր զենքն է, մենք ոչ մի բան չենք մոռանում: Մենք ոչ լավ բանն ենք մոռանում, ոչ վատը: Ոչ բարեկամին ենք մոռանում, ոչ թշնամուն:
Խնդրում եմ, այս մոմը վառեք և ոտքի ելեք…»:
Մանրամասները՝ տեսանյութում