Խնդիր ունեցող «Արմավիան» և ԿԲ-ի բարձր վարկանիշը
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է վարկանշված ձեռնարկությունների նոր ցանկը, որում «Արմավիա» ավիաընկերությունը հայտնվել է 6-րդ տեղում՝ Գ+ վարկանիշով։
Նշենք, որ վարկանիշերը տրվում են հայկական այբուբենի տառերով: Առավելագույն վարկանիշ է համարվում՝ Ա+, իսկ նվազագույն` Զ վարկանիշը: Ընդ որում, Ա+ -ից Գ- վարկանիշերը համարվում են ներդրումային վարկանիշներ, իսկ Դ+-ից Զ վարկանիշերը` ոչ ներդրումային վարկանիշեր:
«Արմավիան» Գ+ վարկանիշ ստացել է 2010թ. հուլիսի 23-ին, և այն մինչ օրս չի վերանայվել։ Փաստորեն՝ «Արմավիան» շարունակում է համարվել ներդրումային, ասել է թե՝ վստահելի ընկերություն, և առաջ է ընկել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը», «Աշտարակ կաթը» և Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Սա զարմանալի չէր լինի, եթե վերջին շրջանում լրահոսը հագեցած չլիներ «Արմավիայի» խնդիրների մասին պատմող լուրերով։ Ընկերությունն ահռելի գումարներ է պարտք «Զվարթնոց» օդանավակայանին, ինչի արդյունքում թռիչքներ են հետաձգվում։ Խնդիրներ ունի «Սուխոյ» ավիաընկերության հետ, որոշ տեղեկություններով՝ նաև եվրոպական օդանավակայանների հետ (թեպետ իրենք հերքում են)։ Ավելին, ընկերության հետագա ճակատագիրը խիստ անորոշ է, քանի որ ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել այն։
Ինչևէ, այս ամենը չի խանգարել, որպեսզի «Արմավիան» հայտնվի ԿԲ վարկանշած ընկերությունների առաջին տասնյակում։
Ավելացնենք, որ հայկական ընկերություններից ոչ ոք չի արժանացել Ա+ առավելագույն վարկանիշին։ Ցանկը գլխավորող «Ռենկո Արմստեյտի» վարկանիշը Բ է, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցնող «Եվրոթերմ», «Երևան հյուրանոց», «Իմեքս գրուպ» և «ՀայՌուսգազարդ» ընկերություններինը՝ Բ-։