«Ինչ-որ աշխատանքներ հիմա ընթացքի մեջ են». ԱԱԾ-ում պատգամավորներին թույլ չեն տվել տեսնել բերման ենթարկվածներին

ԱԺ «ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները քիչ առաջ եկել էին ԱԱԾ, որպեսզի օրենքի ուժով իրենց տրված իրավունքով կարողանան այցելել ու հանդիպել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք այսօր բերման են ենթարկվել:

«Մեզ ասացին, որ այստեղ ինչ-որ աշխատանքներ հիմա ընթացքի մեջ են, և այս պահին մենք՝ երկու խմբակցությունների ներկայացուցիչներով, չենք կարող հանդիպել այդ մարդկանց հետ, ինչը, բնականաբար, կասկածի տեղիք է տալիս, որովհետև բազմաթիվ անձինք են այստեղ գտնվում, և դժվար թե միաժամանակ բոլորի հետ այս պահին իրավական գործընթաց տեղի ունենալիս լիներ: Համենայն դեպս, մենք ասացինք, որ մենք կվերադառնանք քիչ անց և կփորձենք ևս մեկ անգամ հանդիպել այն մարդկանց հետ, այն կուսակցությունների ներկայացուցիչների, ղեկավար կազմերի հետ, որոնք որ այստեղ են գտնվում՝ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում: Այն, որ սա քաղաքական հավեհարդար է և քաղաքական գործընթաց է՝ որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, հիմա հասկանանք, թե ինչ իրավական փաթեթավորմամբ են ուզում հանդես գալ այս անգամ Ազգային  անվտանգության և, ընդհանրապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Մինչ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացնում էր պարզաբանումները, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմել էր ԱԱԾ ղեկավարությանը, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ քիչ անց ԱԺ պատգամավորների հետ կհանդիպի, ինչպես ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, «պատասխանատու անձը», որը, ըստ էության, պետք է տա պատգամավորներին հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Նշենք, որ մոտ 1 ժամ է՝ ԱԺ պատգամավորները դեռևս սպասում են ԱԱԾ «պատասխանատու անձի» հետ հանդիպմանը:

Նշենք նաև, որ այսօր ձերբակալվել են ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանը, իսկ ԱԱԾ են հրավիրվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Տեսանյութեր

Լրահոս