Հայոց նոր պատմության մեծագույն ամոթի չերևացող շերտերը
Դավադրության քողի ներքո
Երեկ կեսգիշերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի 44-րդ օրը, հայտարարեց, որ անձամբ իր և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,- մասնավորապես գրել էր նա:
Թեպետ չասաց՝ ինչն էր այդքան ցավոտ, բայց ռուսական աղբյուրներից տեղեկացանք, որ փաստորեն ստորագրվել է կապիտուլյացիայի ակտ՝ մեզ համար ամենաանդառնալի հետևանքներով, և որ այժմ ոչ միայն Արցախ չունենք, այլև մեծագոհաբար Ադրբեջանին են «նվիրվել» նաև Սյունիքի և Տավուշի որոշ հատվածներ:
Դե, իսկ «խաղաղապահներն էլ» արդեն Արցախում են:
Ինչպես ասում են, «карта бита».
Այս ողջ մղձավանջը, ինչպես արդեն այսօր պիտի իմանայինք, տեղի է ունեցել խիստ սահմանափակ քանակի մարդկանց իմացությամբ ու լուռ համաձայնությամբ, և խորհրդարանական երկրում ոչ Խորհրդարանը, ոչ էլ Հանրապետության նախագահը չեն իմացել՝ ինչ աղետ է գալիս գլխներիս:
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- այսօր առավոտյան հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Փաստորեն, դավից անտեղյակ է եղել նաև Փաշինյանի թիմը:
«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ…
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչո՞ւ»-ի պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչո՞ւ» -ն… Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը: Պահանջ կա, խոսեք ու պարզ ու ոչ կիսատ-պռատ: Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90%-ը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ո՞ւմ հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը՝ ժողովուրդը»,- այսօր գրել է իշխող թիմի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Ռազմական դրությամբ ենթադրված սահմանափակումներով պայմանավորված՝ 44 օր շարունակ չէինք կարողանում հարցեր ուղղել իրեն գերագույն գլխավոր հրամանատար անվանող անձին՝ ոչ այնքան տույժ-տուգանքների ահից, որքան՝ բանակին չվնասելու միտումով:
Փաշինյանին տրվելիք հարցերը
Այսօր արդեն, երբ այլևս կորցնելու բան չկա, վարչապետը պետք է պատասխանի ստորև տրվող հարցերին՝
- Հունիսին ԱԺ-ում հայտարարեցիք, որ չհամաձակվեք հարցնել՝ «ինչ ենք բանակցում Ալիևի հետ, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»: Եվ ուրեմն՝ ի՞նչ էիք բանակցում, պարոն վարչապետ, որի արդյունքն այս անպատվությունը պետք է լիներ ու հազարավոր երիտասարդ կյանքերը:
- Այնուամենայնիվ, ի՞նչ խոսեցիք Ալիևի հետ Դուշանբեի վերելակում, որ թշնամին 2 տարի չկրակեց, մինչև Ձեր որդին վերադարձավ բանակից:
- Հայտարարել էիք, որ կիրթ Ալիևից այն տպավորությունը ստացաք, որ նա կառուցողական է տրամադրված հարցի լուծմանը: Սա՞ էիք կառուցել:
- Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծեցիք, կասկածի տակ դրեցիք մեր հաղթանակը, հայտարարեցիք, որ դա ՌԴ-ի հետ պայմանավորված պատերազմ էր՝ հողերը հանձնելու նպատակով: Ո՞ւմ հետ ու ի՞նչ պայմանավորվեցիք հիմա, ինչո՞ւ հրահրեցիք այս պատերազմը:
- Ասում էիք՝ Արցախի հարցի հետ կապված ցանկացած լուծում ժողովրդի հետ եք քննարկելու: Ինչո՞ւ չքննարկեցիք, ո՞վ էր Ձեզ լիազորել իր անունից հանդես գալ:
- Մշտապես կրկնում էիք, որ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչո՞ւ այնպես արեցիք, որ այդ լուծումը ձեռնտու լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:
Այս հարցերին պատասխանելու համար նա առնվազն պիտի ԱԺ գա: Խորհրդարանականները պետք է տան ու ստանան այդ հարցերի պատասխանները:
Ինչո՞ւ է խոչընդոտվում ԱԺ աշխատանքը
Այլ կերպ ասած՝ այս պայմաններում, երբ պետական կառավարման համակարգը կաթվածահար է եղած, երբ գիշերը մի քանի րոպեում վերոգրյալ հարցերի պատասխանները ստանալու պահանջով հավաքված անկառավարելի ժողովուրդը՝ Կառավարության շենքի դիմաց, ապա՝ ներսում, վարչապետին էր փնտրում ու չէր գտնում, ու չգտավ նաև կառավարական ամառանոցում, Խորհրդարանը պետք է բնականոն կերպով աշխատեր, նիստեր գումարեր, որոշումներ կայացներ:
Բայց դա տեղի չի ունենում, որովհետև երեկվանից ԱԺ-ն «գրավել են» մի խումբ մարդիկ և պարալիզացնում են նրա աշխատանքը: Թե ովքե՞ր են նրանք, ոչ ոք չգիտի: Մնում է միայն կռահել՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու Խորհրդարանի չաշխատելը, ո՞ւմ է պետք, որ ԱԺ նիստ տեղի չունենա, որ անհարմար հարցեր չտրվեն, միգուցե չկայացվեն ինչ-որ մեկի համար անհաճո որոշումներ:
Ինչո՞ւ տուժեց ամենաընկալելի պաշտոնյան
Բայց վերադառնանք Խորհրդարանի աշխատանքը կաթվածահար անելու պլանին:
Այդ նպատակի համար կզոհեն ամեն բան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ու առողջությունը, օրինակ՝ սարսափ ներշնչելու համար մյուսներին, թե՝ տեսեք, եթե ծեծում են ԱԺ նախագահին, բա Ձե՞զ ինչ կանեն, հանկարծ չգաք ԱԺ շենք․․․ Ու այսօր արդեն այդպիսի գրառումներ եղան, երբ իմքայլականները նշում էին, որ անվտանգ չէ ԱԺ գալը, դրա համար չեն գալիս խորհրդարան:
Հարգելի իշխանական պատգամավորներ, պետք չէ այդքան բամբակյա լինել: 2018թ. հոկտեմբերի 2-ին պակաս վտանգավոր չէր ԱԺ-ում, երբ, ի տարբերություն երեկվա 1-2 հարյուր հոգու, ԱԺ-ն պաշարել էր ձեր առաջնորդի կոչով հավաքված 50․000-անոց ամբոխը, բայց ոչ մի պատգամավոր չփախավ, չերկնչեց ու մասնակցեց ԱԺ նիստին:
Այն, ինչ կատարվեց Արարատ Միրզոյանի հետ, անընդունելի ու խստագույնս դատապարտելի արարք է. պատճառների մասին չենք խոսում: Որևէ մեկն իրավունք չունի բռնությամբ հարցեր լուծել: Հատկապես որ, հիրավի, Արարատ Միրզոյանն իշխանական թիմում եզակի ադեկվատ, բանիմաց ու պարկեշտ պաշտոնյան էր համեմատության մեջ: Մարդ, ում ղեկավարության օրոք առանձնապես լուրջ էքսցեսներ չեն եղել ԱԺ-ում, բացառությամբ Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան ձեռնամարտի, որը, ի դեպ, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Մարդ, ով կարողանում էր հարթել ընդդիմության և իշխանության միջև եղած սուր անկյունները, ով չէր ներքաշվում իշխանական ինտրիգների մեջ, ով կարողանում էր երկխոսել իր ընդդիմախոսների հետ, և ով ընդհանուր առմամբ ընդունված էր բոլորի կողմից նաև այն պատճառով, որ անվերապահ չէր կատարում Փաշինյանի մտքին փչած որևէ անհեթեթություն և Ալեն Սիմոնյանի պես նետվում առաջ՝ հրահանգ կատարելու:
Մեկ օր ավել մնալու համար
Սակայն կատարվածը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի համար թիմակիցներ ու հեղինակություններ չկան: Այսօր Արարատ Միրզոյանն է, վաղը, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական պատերազմ կհրահրի, ինչը փորձեց անել արդեն այս գիշեր:
«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, պատրաստվել վրեժի: Այս կոռուպցիոներ, օլիգարխ ստահակներին, այո, մենք ճիշտ չենք վարվել, այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածներին, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, այո, ես ներողություն եմ խնդրում դրա համար:
Այդ տականքներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչի մասին է խոսքս, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետև, այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Այդ՝ «Հանրապետական», «ԲՀԿ-ական» թալանչիներին, այդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի, դասալքության համար պետք է դատվի»,- սա հատված է ընդամենը ժամեր առաջ սեփական երկրի ու բանակի կապիտուլյացիան ստորագրած մարդու խոսքից: Նկատենք, որ դասալքությունից խոսում է մեկը, ով գաղափար անգամ չունի՝ ինչ է բանակային ծառայությունը:
Մի ուշագրավ հանգամանք ևս: Այսօր շատերն էին արդեն սթափ գլխով վերլուծելով երեկ գիշերվա իրադարձությունները՝ միմյանց հարց տալիս, թե այդ ինչպե՞ս եղավ, որ պետական պահպանության ներքո գտնվող կառավարական ամառանոցներն այնքան անպաշտպան էին, որ հեշտ ու հանգիստ կարողացան մտնել, շրջել ու որոշ իրեր էլ գողանալ այնտեղից:
Իսկ եթե դա նույնպես շեղելու համար արվե՞ց, իսկ եթե ոստիկանները հրաման ունեին չարգելելո՞ւ, իսկ եթե այդ շոուն, այնուամենայնիվ, պե՞տք էր….
Վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանն էր ֆեյսբուքյան էջում գրել. «Դասալիք հիմարներ, որ իմ փոքր քույրերի սենյակ եք մտել: Դուք մեղք եք, խեղճ ու ճղճիմ»:
Հայրն էլ իր հերթին էր տան իրերի գույքագրում արել՝ չգիտես որտեղից ու չգիտես ինչպես, և հանրությանը տեղեկացրել, որ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»։
Բայց իշխանական թիվ 1 ընտանիքը կարող է հանգիստ լինել: Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել փոխհատուցել կորուստը, եթե, իհարկե, դրանք իսկապես գողացվել են:
«Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից։ Վերադարձրու խնդրեմ մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքերը, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, նրանց կորցրած ոտքերը, ձեռքերը, լսողությունը, տեսողությունը, վերադարձրու մեր կորցրած Հայրենիքը, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և մյուս քաղաքների և գյուղերի քանդված տները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, վերադարձրու խնդրեմ Շուշիի Ղազանչեցոց տաճարում մեր աղոթքները, վերադարձրու մեր ժողովրդից գողացված վստահությունը, հավատը, վերադարձրու խնդրում եմ մեզնից գողացված բոլոր երազները․․․»,- գրել էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Եվ այնուամենայնիվ…
Վերջում ամեն դեպքում ևս մեկ հիշեցում լրագրող Կարինե Քալանթարյանից՝
«ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են». Նիկոլ Փաշինյան, 2019թ․ նոյեմբերի 3
«Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել». Նիկոլ Փաշինյան, 2019թ․ նոյեմբերի 3
«Բանակցությունները վարվում են այն տրամաբանությամբ, որ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ հենց իմ խնդիրը հայ ժողովրդի համար ընդունելի լուծման շուրջ բանակցելն ու արդյունքի հասնելն է»․ Նիկոլ Փաշինյան․ 2019թ․ նոյեմբերի 3
համաձայնագիրը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյան, 2020թ․ նոյեմբերի 10
«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար»:
Հ.Գ. Կենսաթոշակային վարչության, այնուհետև կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ, ժամանակին կենսաթոշակների հսկայածավալ գումարներ յուրացրած Զարեհ Սարգսյանի որդին, դուռ կոտրելու առաջամարտիկ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրում է․
«Հեշտ ա չէ՞ Կառավարության շենք գրավելը, ԱԺ շենք գրավելը։ Բա որ մեկ ամիս Արցախի նախագահը ու Հայաստանի վարչապետը խնդրում էին, ասում էին՝ տղերք ջան, եկեք հողը պահենք, ո՞ւր էիք։ Շուշին մեկ օրում չեն գրավել, սկզբում գրավել են Ջաբրայիլը, ո՞ւր էիք, հետո գրավեցին Հադրութը, չէի՞ք տեսնում, մեկ ամիս գրավելով գալիս էին, դուք վայնկոմատներից փախնում էիք, հիմա մտել եք Կառավարություն, գոռում եք «հող հանձնող չենք»։ ԱԺ նախագահին երեխու աչքի առաջ այնքան եք ծեծում, որ մեռնի, Դուք ներսի ադրբեջանցիներ եք ու ձեր հանդեպ ժողովրդի վերաբերմունքը լինելու ա դրան համապատասխան»։
Չէ, չէինք տեսնում: Դուք չէիք ասում, որ գրավել են Ջաբրայիլը, հետո՝ Հադրութը, հետո մնացածը: Որ 44 օր չասեիք՝ «Հաղթելու ենք», հետո՝ «հաղթում ենք», որ մեր զգոնությունը չբթացնեիք ձեր տարբեր տրամաչափերի քարոզիչներով, որ տոտալ զորահավաք հայտարարեիք ու պետության ռեպրեսիվ բռունցքը կիրառեիք այն կյանքի կոչելու համար, միգուցե հավատայինք, որ վիճակն օրհասական է:
Իսկ հիմա լռեք ու ապավինեք Աստծո ողորմածությանը: