«Այսօր մի տխմար մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում և այնտեղից դատարկ գրառումներ եմ անում․․․»․ Արսեն Ջուլֆալակյան
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2018թ. դեկտեմբերից, երբ ստացա պատգամավորական մանդատս, ընտանիքս հայտնվեց տարբեր քաղաքական շրջանակների, պատվերով աշխատող որոշ ԶԼՄ-րի, ֆեյքերի ուշադրության կենտրոնում։
Երբեք այդքան հորինված մեղադրանք և քննադատություն չէի լսել իմ և ընտանիքիս հասցեին, թեև ասել, թե բացարձակ չէի սպասում, սուտ կլինի, բայց ոչ հաստատ նման ստոր մակարդակով և այդպիսի ինտենսիվությամբ (հատկապես,որ երբևէ դրա իրական առիթը չենք տվել․ հակառակը, տասնամյակներ շարունակ լավագույնս ծառայել ենք մեր պետության հեղինակության բարձրացմանը աշխարհի մակարդակով և եղել օրինապաշտ քաղաքացիներ)։
Ամենասկզբում նույնիսկ որոշակի հույս ունեի, որ կարելի է ընտանիքիս օրինակն օգտագործել որպես“role model” տարբեր պատճառներով․ հիմա չխորանամ։ Բայց չէ, ընտրվեց (ինչպես հաճախ է լինում) բացասական տարբերակը՝ փորձ անել հնարավոր և անհնար բոլոր միջոցներով վերացնել, նվազեցնել, հեղինակազրկել հեղինակություն ունեցող մարդկանց/ընտանիքներին։
Թվում է, թե օրինաչափություն է. քաղաքականությունն է դա ենթադրում, մտել ես, պատրաստ եղիր հարվածների։ Չեմ հերքում, արդեն դարձել էր սովորական։ Խոստովանում եմ, այլևս չէի էլ կարդում գրեթե ոչ մի հոդված անձիս մասին՝ թե լավ, թե վատ․․․
Սեպտեմբերին,երբ հայտնի պատճառներով վայր դրեցի մանդատս, կարծում էի, թե այլևս կդադարեն աբսուրդի ժանրի այդ մեղադրանքները։ Բայց ոչ, արի ու տես, որ կոնկրետ շրջանակներ հետևողական աշխատում են․․․
Կարծում եմ, հիմնական նպատակն է առաջացնել ինձ մոտ հիասթափություն և բացասական կերպար ձևավորել հասարակության շրջանում։ Երկու դեպքում էլ ի սկզբանե ձախողել են։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են, կամ անձեր, հնարավոր չէ ինձ կամ ընտանիքիս հիասթափեցնել հայրենիքից։ Այն մեզ համար սուրբ է և վեր ամեն ինչից, ինչն ապացուցել/ապացուցում ենք գործով։ Իսկ հանրության վրա ազդել նման անորակ մեթոդներով, վստահաբար չի ստացվի։ Տարիների ընթացքում հսկայական գործ է արվել/արվում ամենօրյա ռեժիմով, լուռ, առանց գովազդելու ինքներս մեզ։ Բավական է ուղղակի մի փոքր խոսենք, և այդ կեղտը կլցվի ջուրը։
Ինչու՞ հիմա արեցի այս գրառումը (առաջին անգամ եմ այս թեմային անդրադառնում, հուսամ վերջին)։ Այսօր մի տխմար, ով սիստեմատիկորեն այլանդակ լեքսիկոնով վիրավորում է հիմնականում իշխող քաղաքական ուժին, մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում և այնտեղից դատարկ գրառումներ եմ անում(մնացածին էլ չանդրադառնամ՝ հերթական բարբաջանք է…)։
Ի՞նչն է վիրավորական։ Երբ դու, պատերազմի սկսվելուց իսկապես գտնվում ես այլ երկրում, միանգամից փոխում ես բոլոր ծրագրերդ, լծվում ես պետությանը հնարավորինս օգուտ տալու գործին (դրամահավաք, փոխանցումներ,նամակներ միջազգային կառույցներին, միտինգների կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն, անձամբ օգնության փոխադրում Հայաստան․․․), հնարավորինս շուտ վերադառնում ես հայրենիք և տեղում սկսում աշխատել ընկերներիդ և համակիրներերիդ հետ․․․ մի անհայրենիք տխմար, մի քանի դրամի համար սկսում է քեզ անբարո ձևով մեղադրել բացարձակ սուտ բաներում։
Թե ինչ է արվել/արվում, ժամանակին անպայման կխոսեմ, հիմա դեռ շատ շուտ է։ Անելու էլ լիքը բան ունենք։ Նախ պետք է հաղթենք։
Անպայման կխոսեմ, որովհետև մի շարք հայրենասեր մարդիկ են աջակցում ինձ տարբեր նախաձեռնություններում։ Իսկ լավը հաստատ պետք է միշտ բարձրաձայնվի, որպեսզի նման վիժվածքների ձայնը խլանա, և տարածվի դրականն ու բարին»: