ՄՕԿ-ը վրդովված է Սոչիի ինտերնետի գներից
Միջազգային Օլիմպիական կոմիտեն բարձր է համարել այն գինը, որով «Ռոստելեկոմը» նախատեսում է 2014թ. ինտերնետ մատակարարել Սոչիում։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։
Բարձր գնի վերաբերյալ Սոչի-2014 կազմկոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Վրոնսկին համապատասխան նամակ է ուղարկել «Ռոստելեկոմի» փոխնախագահ Ալեքսանդր Շիպուլինին։
Ուռճացված արժեքի պատճառով ՄՕԿ-ը չի հաստատել «Ռոստելեկոմի» ծառայությունների վերաբերյալ տեղեկատուն, որը պետք է հրապարակվի Սոչիում։
Մեկ աշխատանքային տեղից 32 օր ժամկետով ինտերնետի դիմաց «Ռոստելեկոմը» պահանջում է վճարել 7.1 հազար ռուբլի։ Համեմատության համար նշենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ նույն ծառայությունը բրիտանացիները մատուցում էին 90 ֆունտով (4.5 հազար ռուբլի)։
Մինչդեռ օլիմպիադայի կազմակերպիչների կարծիքով՝ Սոչիում ինտերնետի գինը պետք է ավելի ցածր լիներ, քան Լոնդոնում։
Սակայն, «Կոմերսանտի» տեղեկություններով, «Ռոստելեկոմի» Սոչիի նախագծի ղեկավար Ստանիսլավ Բորոդինն արդեն հայտնել է Վրոնսկուն, որ ինտերնետի արժեքը հնարավոր չէ իջեցնել։ Կազմկոմիտեի ներկայացուցիչն էլ դիմել է արդեն «Ռոստելեկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովին՝ խնդրելով մեկ ամսով ինտերնետի գինը սահմանել 3 հազար ռուբլի։
Նշենք, որ «Ռոստելեկոմը» Սոչիի օլիմպիական խաղերի հովանավոր է դարձել 2009թ.՝ պարտավորվելով ներդնել 130 միլիոն դոլար, որից մի մասը՝ ֆիքսված կապի ծառայությունների մատուցման տեսքով։