Ինչու Հայաստանը Ռուսաստանին դիմեց ոչ թե՝ իր սահմանին ագրեսիայի, այլ՝ ագրեսիայի վտանգի մասին ահազանգելով

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Թե ինչու է Հայաստանը ՌԴ նախագահին դիմել հենց 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով, և ինչու հղում չի արվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա այլ պայմանագրերի, այսօր խորհրդարանում պարզաբանեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն իրավապայմանագրային բազա, որը վերաբերում է նախ՝ ռուսական ռազմաբազայի տեղակայմանը, որի հետ կապված՝ համապատասխան պայմանագրում 2011 թվականին կատարվեց շատ կարևոր փոփոխություն։

«Եթե մինչև 2011-ի այդ փոփոխությունը ՀՀ զինված ուժերի հետ համատեղ կարող էին հակահարված տալ նախկին ԽՍՀՄ սահմանով, ապա 2011 թվականի փոփոխությամբ այդ սահմանափակումը հանվեց, իսկ դա նշանակում է՝ բոլոր սահմաններով, տվյալ պարագայում՝ նաև Ադրբեջանի։ Մեր ունեցած մյուս պայմանագիրը 1997 թվականի համաձայնագիրն է, որի 2-րդ կետը սահմանում է, թե ագրեսիայի վտանգի և ագրեսիայի դեպքում ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։ Հիմա՝ այս պարագայում, մենք ելնում ենք նրանից, որ կա ագրեսիայի վտանգ, որովհետև եթե արձանագրենք, որ կա ագրեսիա, ապա առաջին քայլով Հայաստանը պետք է ինքը  դիմի ՄԱԿ-ին և հղում կատարի ՄԱԿ-ի կանոնադրության այն կետին, որով ագրեսիայի ենթարկված երկիրը դիմում է ինքնապաշտպանության։ Հիմա, եթե դու ինքդ  չես ընդունել քո դեմ կատարվածը՝ որպես ագրեսիա, ինչպե՞ս կարող ես ուրիշին ասել, որ իմ դեմ ագրեսիա է։ Այս պահին, այո՛, Հայաստանի տարածքը ռմբակոծվել է, էլ չեմ խոսում անօդաչու թռչող սարքերի մասին, բայց այդ բոլորն այսօր գնահատել՝ որպես ագրեսիա, դա քաղաքական որոշում է, որը կայացվում է՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից։ Ամեն դեպքում, անվիճելի է, որ ագրեսիայի վտանգը կախված է, որի համար էլ ՀՀ-ն դիմել է այդ երկրորդ կետով, և նախատեսվում են կոնսուլտացիաներ։ Այդ հարցն այսօր փակ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս