Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ
Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքը՝ տալով սեյսմիկ հետազոտությունների մասին նոր անօրինական ծովային ազդարարում հունական կղզիների մոտակայքում: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
«Ցավոք, Թուրքիան, նոյեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածի համար նոր անօրինական Navtex ծովային ազդարարում արձակելով, փորձում է անօրինական ձևով անցկացնել սեյսմիկ հետազոտություններ Հունաստանի մայրցամաքային շելֆի շրջանակում: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Թուրքիան շարունակում է անտեսել միջազգային հիմնարար իրավունքները: Միևնույն ժամանակ, այդ գործողությունը ստեղծում է հավելյալ լարվածություն զգայուն շրջանում: Այս գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել հակառակ միջազգային հանրության կոչերին, այդ թվում՝ ներառյալ անցած հոկտեմբերին Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որում կոչ է արվում Թուրքիային դադարեցնել այդ գործողությունները»,-ասված է հայտարարությունում:
Այս համատեքստում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանձնարարական է տվել անհապաղ բողոք հայտնել Թուրքիայի դեմ, ինչպես նաև իրազեկել գործընկերներին և դաշնակիցներին խնդրի վերաբերյալ: