Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:
Այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:
Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է:
«Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով, մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին:
Սեյեդ Աբբաս Արաղչին մինչ Երևան ժամանելը, այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա: