Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ է գումարում ահաբեկչությունների ֆոնին
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (երկրի խորհրդարանի ստորին պալատում)։
«Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ է գումարում»,- հայտարարել է նա:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել է ծխականների վրա Նիցցայի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված է:
Պատահարի հետաքննությանը միացել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Նիցցայում հարձակումից երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոն քաղաքի փողոցներում դանակով սպառնացել է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դրանից, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել է հանցագործության վայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: