«Նախ՝ այդ հանդիպումը պետք է նախապատրաստել, նոր այն տեղի ունենա». Անդրանիկ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում՝ մինչև լրագրողների հարցերին պատասխանելը, իր խոսքի նախաբանում նախ մեջբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը:
«Սրա հետ կապված՝ ներքին կյանքում կան որոշակի հայտարարություններ, որն անընդունելի է պատերազմող երկրի համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և մեջբերեց սպարապետին. «Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են պարտությունները նույնքան բնական ընդունել, որքան հաղթանակները: Երբեք ոչ մի պատերազմող ժողովուրդ ապահովված չի եղել անհաջողություններից: Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, որոնք կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված, հետևողականորեն շարունակել պայքարը: Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած՝ ինքներս մեր մեջ թշնամիներ փնտրենք»:
Այնուհետև անդրադառնալով Ժնևում այսօր սպասվող հանդիպմանը՝ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ վստահաբար չի կարող պնդել, որ բանակցություններ են լինելու, սակայն վստահ է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև լինելու են կոնսուլտացիաներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ՀՀ վարչապետի հետ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Նախ՝ այդ հանդիպումը պետք է նախապատրաստել, նոր այն տեղի ունենա: Հիմա Ալիևի ասածը կոնտեքստից կտրած կամ չկտրած… Ես էլ եմ կարդացել, որ նա պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել: Մի հատ հասկանանք, թե Ալիևն ինչ է ուզում, ու ի՞նքն է ուզում, թե՞ Էրդողանը, որովհետև այս գործողությունների մեջ ամեն ինչ խառնվել է իրար, կարծես թե Ալիևն իր իշխանությունը հանձնել է Էրդողանին, քանի որ կարևորագույն հարցերով Էրդողանն է խոսում իր եղբոր փոխարեն: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան, բայց այդ ամենը կախված է մեր զինվորների կերտած հերոսապատումներից»:
Շարունակելով պատասխանել լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ալիևի հայտարարության մեջ տեղ գտած նախապայմանին՝ հայկական զորքի դուրսբերմանը Լաչինից, Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ Ալիևը բացահայտ ասում է՝ հայկական զորքը հանեք Արցախից, որ ինքն ինչ ուզի՝ անի:
«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տակ: 1915 թվականին նման բան եղավ, որովհետև հայկական պետություն չկար, այսօր Հայաստանը երաշխավոր է Արցախի անվտանգությանը, և միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու համար»,- ընդգծեց իմքայլական պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ Մինսկի խմբի ձևաչափը որևէ մեկը չի փոխել, որի միջոցով էլ պետք է շարունակվեն բանակցային բոլոր գործընթացները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում