«Վարչապետից որևէ արձագանք չենք ստացել». Էդմոն Մարուքյանը՝ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու դիմումի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կոչով դիմեց սփյուռքում ապրող հայրենակիցներին՝ հորդորելով չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին, քանի որ երեկ Ֆրանսիայում հայերի խաղաղ ցույցերի ժամանակ թուրքերը հարձակվել և վնաս էին հասցրել հայերին:
«Երեկ երեկոյան ուշ ժամի Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում թուրքերը դուրս են եկել ցույցերի՝ պահանջելով, թե ուր են հայերը: Այսինքն՝ սա կարող է բերել բախումների այն տեղերում, որտեղ մարդիկ խաղաղ ապրում են: Չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ նման սադրանքներին տրվելուց»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
168.am-ի Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ վարչապետն արձագանքե՞լ է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի դիմումին՝ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկին, նա պատասխանեց. «Վարչապետից որևէ արձագանք չենք ստացել»:
Անդրադառնալով այսօր Ժնևում կայանալիք հանդիպմանը՝ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ, Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ որքանով հասկանում են, Ժնևի հանդիպումը հրադադարի հետ կապված հանդիպում չէ, այլ բանակցությունների սկիզբ է կամ փորձ:
«Խորհրդարանական ուժերը որևէ ձևով, որևէ խողովակով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու, ես չգիտեմ, թե ինչ են բանակցում, որևէ տեղեկություն չունենք: Եթե երեկ Կառավարության հետ հարցուպատասխան լիներ, գուցե իմանայինք: Այսինքն՝ ոչ բաց, ոչ փակ խողովակներով մեզանից որևէ մեկը տեղեկացված չէ, թե ինչ են բանակցում, չգիտեմ: Հետևաբար՝ չեմ կարող ասել, թե ինչ պետք է ակնկալենք, եթե չգիտենք՝ ինչ է: Ասեմ, որ մեծ հաշվով որևէ բան չեմ էլ ակնկալում, քանի դեռ հրադադարը չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել»,- ընդգծեց ԼՀ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները հոկտեմբերի 27-ին գրավոր դիմել էին ՀՀ վարչապետին Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում