«5 հոգի միանգամից հարձակվեցին մեզ վրա՝ մուրճերով, դանակներով, լոմերով, ծառի հաստ ճյուղերով»․ մանրամասներ  թուրքերի հարձակման ու վիրավորների մասին

Ֆրանսիայում հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։

Բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ անձինք հանկարծակի հայտնվեցին այնտեղ՝ թիկունքից հարվածելով մեր հայրենակիցներին։

«Հավաքվել էինք 300-400 հոգի՝ խաղաղ ցույց անելու համար։ Նույնիսկ ֆրանսիացի, արաբ վարորդներ դուրս եկան մեքենաներից, սկսեցին սուրճ խմել։ Ոչ ոք մեզ չէր անհանգստացնում։ Մոտ 30 րոպե է, ինչ խաղաղ բողոքի ակցիան սկսվել էր, դեռ ոստիկանությունը չկար, սպասում էինք, խցանումներ էին, բայց իրենք մեզ տեսնում էին։ Մեջքով կանգնած էինք, Արցախի անկախության, հաղթանակի համար էինք բարձրաձայնում, հակառակ՝ դեպի Լիոն գնացող մեքենաներից պատնեշների վրայով թռնելով՝ հաստատ մի 5 հոգի միանգամից հարձակվեցին մեզ վրա՝ մուրճերով, դանակներով, լոմերով, ծառի հաստ ճյուղերով։ Իրենց հեռախոսներից երկուսը մնացել էին գետնին, որոնք տվեցինք ոստիկաններին։ Մուրճերը, ամեն ինչ գցած էր գետնին։ Հեռախոսներից մեկի էկրանին Էրդողանի նկարն էր՝ դրոշով։ Ոնց հասկացա՝ ֆրանսերեն չէին էլ խոսում կամ շատ քիչ էին խոսում։ Գրեթե համոզված եմ՝ նրանք Եվրոպայի թուրքերից չէին։ Այդ ամբողջը, ինձ թվում է՝ հատուկ պատրաստված էր։ Ունենք 10 վիրավոր, նույնիսկ անչափահաս երեխա»,- մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ցույցի մասնակիցներից Ստելլա Դավթյանը։

Նշենք, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն այս միջադեպի հետ կապված հաղորդագրություն է տարածել՝ ասելով․

«Ֆրանսիայում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ձեզնից յուրաքանչյուրը կանգնել է հայրենիքի կողքին և մինչ օրս տարբեր եղանակներով շարունակում է իր նպաստը բերել մեր միասնական հաղթանակի կերտմանը: Մեր համազգային համախմբվածությունը, բնականաբար, վախեցնում և թուլացնում է հակառակորդին: Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան և Ադրբեջանը, չհաջողելով իրական ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետությունների տարածքներում: Նմանօրինակ սադրանքները նոր մասշտաբներով թշնամին ցանկանում է այս անգամ կիրառել Ֆրանսիայում: Արդեն իսկ ստացվում են տեղեկություններ այն մասին, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը ծրագրում է հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում իրականացնել սեփական ներկայացուցչությունների կամ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ և դրանք ներկայացնել՝ որպես «հայերի կողմից իրականացված» բռնություններ: Պատասխան ագրեսիվ գործողությունների ակնկալիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվում են հայ համայնքներում հրահրել սադրանքներ և հայերին ներկայացնել՝ իբրև «ահաբեկիչներ»:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թշնամու այս նենգ ձեռագիրը մեզ համար նորություն չէ: Այդ իսկ պատճառով թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում կոչ ենք անում ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն, չտրվել դրանց և չիրականացնել պատասխան գործողություններ, այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:

Միասին, համախմբված և զգոն մենք հաղթելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս