«Մեր դիմաց ծառացած խնդիրները, նրանց բազմազանությունն այնպիսին է, որ միայն մեկ, այն էլ՝ ոչ փորձառու քաղաքական ուժի լուծելը հնարավոր չէ». Լարիսա Ալավերդյան
«Արցախյան շարժման օրերից անցել է գրեթե 33 տարի, բայց դա որևէ մեկը չպետք է ընկալի՝ որպես անցյալ, որպես գոյություն չունեցող իրականություն. մենք մինչ այսօր ապրում ենք այդ ղարաբաղյան շարժման իրականության մեջ: Այդ հզոր ալիքը դեռ պահում է մեզ այն բարձունքի վրա, որը թույլ չի տալիս ոսոխին մեզ տապալել իր սև ծրագրերով»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով Արցախյան շարժման նշանակությանը՝ նշեց այդ շարժման ակունքներում կանգնած իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով պատերազմից պատերազմ ձգվող տարիների ընթացքում արվածին ու անելիքներին՝ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Մենք այս տարիների ընթացքում՝ ոչ պետական, քաղաքական և այլ խավերը, չենք կարողացել աշխարհով մեկ տարածել իրական պատկերը՝ այն, ինչը կոչվում է Արցախյան հիմնահարց: Էլ ի՞նչ պետք է անեինք, եթե ոչ դա: Տարիներ շարունակ ավելի քան 50 պետություններում՝ 100-ավոր կոնֆերանսներում, դրանում ամեն անգամ համոզվում էի:
Ինչո՞ւ է դա տեղի ունեցել, որովհետև ճշմարիտ պատկերը ներկայացնելը, տարածելը մնացել է առանձին գիտնականների, խորքային մասնագետների, էնտուզիաստների, շատ անգամ՝ հասարակական կազմակերպությունների ուսերի վրա: Պետական մոտեցում, կոնցեպտ և նպատակային քայլերով դրանց հասնելու անգամ նյութ չկա, մոտեցումը չկա, խիստ հակառակը՝ հայկական դիվանագիտական (լայն առումով) միտքը ցայսօր մնում է ինչ-որ պարզից էլ պարզունակ սկզբունքների դաշտում՝ այդ երեք սկզբունքները և այլն: Ես մերժում եմ այդ մոտեցումը. Ղարաբաղյան շարժումը և Արցախի իրավճակը շատ ավելի բազմաշերտ երևույթ է: Այո՛, մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ գլոբալ խնդիրները կարող են լուծվել լոկալ մակարդակով, մեր համեստ ուժերով: Մենք մինչ այսօր չունենք գիտական, գիտապրակտիկ, տեղեկատվական հաստատություններ, որոնք այդ խնդիրը որպես պետական պատվեր պետք է դիտարկեն:
Եվ եթե համեմատենք, որ գործ ունենք ամբողջովին պրիմիտիվ ստերի վրա հիմնված, բայց պետական քաղաքականության հետ, որը վարում է մեր հարևանը, պետք է հասկանանք, որ այստեղ ոչ թե մենք խնդիրներ ունենք անելու, այլ նոր պետք է մոտենանք այդ խնդրին»:
Ուշացած չէ՞ արդյոք՝ հարցին ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց. «Ես ունեմ շատ մեծ լավատեսություն՝ երբ սկսենք, ժամանակն է:
Մենք չունենք հայկական այն քաղաքագիտական լեզուն, որով նաև իրական պատկերն ենք ներկայացնում, խիստ հակառակը՝ մենք կարծեք թե միշտ արձագանքում ենք՝ ադրբեջանցին ասել է այսպես՝ դա այդպես չի, թուրքը ասում է այդպես՝ դա այդպես չի. Դա ի՞նչ քաղաքականություն է՝այն շերտի վրա, որը կոչվում է մտավոր աշխատանք:
Եթե մենք շարունակենք թողնել մեր բոլոր հարցերի լուծումը մեր զինվորի, մեր ռազմական վերնախավի վրա, մենք կմնանք նույն այն կետում, որում եղել ենք 1988 թվականին:
Դրա համար, կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ պետությունն այդ խնդիրը դնի այլ մակարդակով: Բավարար չեն այն կենտրոնները, որոնք գոյություն ունեն (ես գիտեմ իրենց մասին, գնահատում եմ իրենց աշխատանքը), բայց ես ասում եմ՝ մեկ-երկու նման հաստատություններով մեր պատմական առաքելությունն իրականացնելը լինելու է շատ ավելի դժվար, և շատ դյուրին ճանապարհները թողած՝ ընկնելու ենք սրա-նրա պրիմիտիվ դիրքորոշումները մերժելու ճանապարհով»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին տարբեր քաղգործիչների, ակտիվիստների կողմից իշխանությունների հասցեին հնչող քննադատական կոչերին և նաև Վազգեն Մանուկյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ակտիվիզմը և Վազգեն Մանուկյանի անմիջական արձագանքը վերին աստիճանի տեղին է: Բոլորովին այլ է, որ ես ունեմ մոտեցումներ, չեմ կարծում՝ պետք է կոնֆրոնտացիայի մեջ գտնենք այսօրվա իրավիճակից դուրս գալու ճանապարհը:
Մենք չպետք է մեզ թույլ տանք գնալ այնպիսի ճանապարհով, որը հետագայում խոցելի կլինի, որ արդյո՞ք այդպիսի իշխանափոխությունը, ասենք թե, տեղին է կամ հիմնավորված է:
Մենք ունենք շատ շիտակ ճանապարհ, սահմանադրորեն լավ հիմնավորված, որը պահանջում է, որ այս իշխանությունները, որոնք, ի վերջո, անսխալական չեն, պետք է ընկալի հետևյալը՝ մեր դիմաց ծառացած խնդիրները, նրանց բազմազանությունն այնպիսինն է, որ միայն մեկ, այն էլ՝ ոչ փորձառու ուժի քաղաքական լուծելը հնարավոր չէ: Այդ ի՞նչ մի ամոթ բան է. խիստ հակառակը՝ դա պատիվ կբերի գործող իշխանություններին, որովհետև ճիշտ տեղին գնահատել է իրավիճակը: Ազգի բոլոր, այդ թվում և՝ սփյուռքի բոլոր կարող ուժերին ընդգրկելը նոր որակ կտա իշխանություններին, եթե իրենք ունենան այդ ճաշակը և քաղաքական խիզախությունը»:
«Ես հորդորում եմ չթողնել այդ ճանապարհը և բոլորին բերել մի դաշտ, որտեղ իշխանությունը չէ բացարձակ արժեքը, այլ իշխանությունը զուտ գործիք է պետականությունը պահպանելու, երկիրը զարգացնելու համար»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: