«Թեժ դիվանագիտական պայքար ու մարտեր են ընթանում ռազմադաշտում». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Պատերազմը շարունակվում է, որոշ հատվածներում՝ շատ թեժ: Հակառակորդը փորձում է ճեղքել մեր պաշտպանական համակարգը, մեր տղաները դիմադրում են»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ պատերազմական գործողություններին զուգահեռ՝ ընթանում են ակտիվ դիվանագիտական գործընթացներ:
«Մենք տեսանք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ու քննարկումները, այնուհետև՝ Միացյալ Նահանգների արձագանքը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Նախ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն արտահայտեց, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում, այնուհետև կոշտ հայտարարություն արեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ Էրդողանի դեմարշն ու ծաղրանքն ամերիկյան պատժամիջոցների մասով այդպես չի անցնելու, և Թուրքիան կտեսնի բոլոր հետևանքները: Այուհետև Ֆրանսիան կոշտ արձագանքեց Թուրքիային: Այժմ էլ Իրանն է ակտիվանում: Այս ամենը, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծված իրավիճակի ճիշտ պատկերը ստանանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Նա նաև նկատեց՝ ոչ միայն Իրանի փոխարտգործնախարարն է ժամանելու Երևան, այնուհետև՝ Բաքու ու Մոսկվա, այլև Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ոչնչացնելու է ահաբեկիչներին Իրանի սահմաններին:
«Սա ոչ այլ ինչ է, քան ակնարկ, առաջին հերթին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այսպիսի թեժ դիվանագիտական պայքար ու մարտեր են ընթանում ռազմադաշտում: Ինչ վերաբերում է Իրանի փոխարտգործնախարարի այցին, ապա պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ է ասելու: Սակայն Իրանը հստակ նշել է իր դիրքորոշումը, իրենք էլ են շահագրգռված, որ կայունությունն ու խաղաղությունը վերահաստատվի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հիշցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը մասնակցելով Արցախի հակամարտության շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը՝ հայտնել էր, որ Իրանի փոխարտգործնախարարն Արևելյան Ատրպատականում է, այցել է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։
«Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»,- ասել էր Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։