ԱԺ–ն քննարկում է ռազմական դրության պայմաններում պետության կողմից օգտագործվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքի փոխհատուցում տալու հարցը

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկեց Կառավարության կողմից ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ նախատեսվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կարգավորել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման դեպքում,  այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, մանրամասնելով գույքը վերցնելու կանոնները և վերադարձնելու երաշխիքները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմելով Պաշտպանության փոխնախարարին՝ հետաքրքրվեց, թե հետագայում պետության կողմից ինչպե՞ս է կարգավորվում վերցված գույքի փոխհատուցման հարցը, արդյո՞ք կա նման փոխհատուցում։

Պատասխանելով պատգամավորի հարցին, Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսված է, որ գույքը վերցնելուց հետո որոշակի արձանագրություն է կազմվում և հետագայում եթե տվյալ գույքը որևէ ձևով վնասվում է, ապա Կառավարության սահմանած կարգով հատուցում է տրամադրվում։

«Չեմ ուզում մանրամասն ներկայացնել, եթե ուսումնասիրել եք նախագիծը, դրանք բավականին երկար են։ Եթե գույքի կորուստ է տեղի ունենում, այն ոչնչացվում է, ապա գույքին համարժեք փոխհատուցում է տրվում»,- շեշտեց Գաբրիել Բալայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս