Արցախի դեմ պատերազմը սկսելուց Ադրբեջանին օգնել են նաև Պակիստանից ժամանած զինծառայողներ. ռազմագերին մանրամասներ է պատմել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցու հարցաքննության տեսանյութը:
Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևը հարցաքննության ընթացքում նշել է, որ իրեն նորմալ է զգում, օրվա ընթացքում իրեն երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս: «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան: Ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում է»,- ասել է նա:
Էմին Բախշալիևը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնց ավարտից հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմ է մնացել Ադրբեջանում: Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը: Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես նշված Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ: Մեր զորամասի ողջ անձնակազմի հետ ընդհանուր 10-15 օր են անցկացվել նշված մարտական պատրաստության դասընթացները: Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել են, որ պատրաստվենք, որ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն: Մենք տարբեր ստորաբաժանումներով մարտական պատրաստականության դասընթացներ ենք անցկացրել լեռներում, մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու, հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել է ադրբեջանցի ռազմագերին:
Բախշալիևը նշել է, որ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա: «Մենք նրանց դիմել ենք ոչ անունով, ոչ էլ ազգանունով: Ուղղակի դիմել ենք հրամանատար».- մանրամասնել է նա:
Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-21-ը զորամասի իրենց գումարտակով դուրս են եկել զորամասից և «Կամազ», «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով շարժվել են Գյուլիստանի ուղղությամբ: «Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու, այսինքն՝ հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- պատմել է ռազմագերին:
Նա հավելել է, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: «ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե կոնկրետ ով է կառավարել չեմ տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել»,- հայտնել է Էմին Բախշալիևը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ: Բախշալիևը պատմել է, որ կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և քաղաքացիական բնակավայրերի ներսում, տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում: Ռազմագերու խոսքով՝ այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել: