«Սեպտեմբերի 27-ից առ այսօր արձանագրել ենք 37 քաղաքացիական զոհ և 118 վիրավոր». ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը քիչ առաջ իր ճեպազրույցում ներկայացրեց ԱՀ ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության արդյունքները: Բեգլարյանը նախ վիճակագրությունը ներկայացրեց, թե քանի քաղաքացիական զոհ և վիրավոր ունենք պատերազմը սկսվելուց մինչ օրս:
«Սեպտեմբերի 27-ից առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,- ասաց Բեգլարյանը:
ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև ենթակառուցվածքային և նյութական վնասներին.
«Նախնական վերլուծությամբ 10.500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային և արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել՝ մեքենա»,- ասաց Բեգլարայնը՝ հավելելով, ար այս վիճակագրությունը մոտավոր է և ճշգրտման կարիք ունի:
«Նախնական տվյալներ ունենք որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն կրկին պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջանական ճշգրտված տվյալ այս պահին ներկայացնել: Այնուամենայինիվ ռիսկը բավականին մեծ է՝ հաշվի առնելով նաև Հադրութի դեպքը՝ 2 քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում: Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով՝ քաղաքաացիական անհայտ կորած անձինք կան տվյալ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, կրկին վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների»,- հավելեց Արտակ Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը նկատում է, որ վերջին օրերին էլ ադրբեջանական զինված ուժերն ակնհայտորեն շարունակում է թիրախավորել բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ.
«Երեկվա դեպքից ևս ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն՝ Ժնևյան կոնվենցիաներով: Բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են արձանագրվել»: