Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից․ Ռիչարդ Կիրակոսյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ
– Պարոն Կիրակոսյան, Զոհրաբ Մնացականյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ եւ Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից մեծ սպասելիքներ կան Հայաստանում, նաեւ՝ գնահատականներ, որ միակ պետությունը, որն այսօր ի զորու է ազդելով Թուրքիայի վրա՝ կանգնեցնել պատերազմը, ԱՄՆ-ն է։ Համամի՞տ եք։
– Ոչ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամենաքիչ ազդեցության լծակներն ունի եւ անգամ՝ առավել քիչ ուժ եւ շահագրգռություն՝ խանգարելու, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Բանակցություններին վերադառնալու առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ հրադադարի գնալու մերժումները հաղթահարելը։ Եվ չնայած տարիներ տեւած բանակցություններին եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ հայտարարություններին, Հայաստանն ու Արցախն այսօր մեն-մենակ են՝ առանց որեւէ խաղաղարար գործընկերոջ ու Ադրբեջանի հետ լուրջ եւ անկեղծ բանակցություններ ունենալու հատուկ հույսերի։
– Կարծում եք՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կարո՞ղ են ունենալ կամ ունե՞ն պատերազմը դադարեցնելու ու կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու կոնսենսուս։
– Այս հարցում իմ պատասխանն է՝ այո։ Ղարաբաղն աշխարհի միակ հակամարտությունն է, որի հարցում ՌԴ-ն շարունակում է աշխատել ոչ ընդդեմ Արեւմուտքի, այլ՝ Արեւմուտքի հետ։ Եվ չնայած բարեկամներ կորցնելու ու թշնամիներ վաստակելու Ռուսաստանի սահմանած ռեկորդին, ինչի ակնհայտ օրինակը Վրաստանը, Ուկրաինան ու այլ երկրներն են, տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից։
Այսպիսով, անկախ նրանից, թե որքան բարդ ու տհաճ է պուտինյան Ռուսաստանին պաշտպանելը, Էրդողանի Թուրքիայից սպառնալիքն այս պատերազմում էլ ավելի մեծ վտանգ է։ Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանինն է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու առավել արդյունավետ լծակների հնարավորություններ է ընձեռում։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ նա է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը։ Եվ որպես արտաքին քաղաքական առանցքային դերակատար՝ Ռուսաստանը հիմա դիտարկվում է ու բոլորի կողմից ընդունվում է որպես հակամարտության նկատմամբ լեգիտիմ իրավունք ունեցող, հիմնականում՝ միջնորդական լիազորություններ ունեցող միակ կառույցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համանախագահություն ունեցող երկրի իր դիվանագիտական ջանքերի ու նախաձեռնությունների շնորհիվ։
Միեւնույն ժամանակ, հակամարտությունը մարտահրավեր է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ ի ցույց դրեց եւ առավել խորացրեց Հայաստանի հետ Ռուսաստանի «ռազմավարական գործընկերության» թուլությունն ու ներքին սահմանափակումները։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: