Իրանը պետք է փորձի զսպողական դեր խաղալ, պահանջել Ադրբեջանից գրոհայինների հեռացում տարածաշրջանից. Իրանագետ
Իրանը միակ պետությունն է, որ ցամաքային սահմաններ ունի այս պատերազմում ներգրավված բոլոր պետությունների՝ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի ու Ադրբեջանի պետությունների հետ:
Իրանագետ Գարիկ Միսակյանի փոխանցմամբ՝ հյուսիսային սահմաններում ստեղծվել է լարվածություն, որն Իրանին ձեռնտու չէ, որովհետև Իրանը միշտ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմները, իսկ հյուսիսային սահմանը Կովկասի, հատկապես՝ Արցախի հետ, Իրանի համար միշտ անվտանգ սահմաններից մեկն է եղել:
«Իրանը միշտ բարձր է գնահատել այն, որ հյուսիսում ունի խաղաղ սահմաններ: Հիմա, երբ ապացուցված է այն, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան են ուղարկվել ահաբեկիչ վարձկաններ, որոնք լայնորեն օգտագործվում են Իրանի հետ սահմանակից շրջաններում, Իրանի և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության շրջանակներում բավական մեծ անհանգստություն է առաջացրել: Հատկապես անհանգստություն առաջացավ այն բանից հետո, երբ ահաբեկիչները տեսանյութերում ցույց տվեցին Իրանի սահմանը կամ խոսեցին այդ մասին: Իրանը, լինելով մուսուլմանական երկիր՝ նշեց նաև, որ մահմեդական երկրին կամ զինվորականին հարիր չէ գլխատելու քայլը՝ հիշատակելով, որ նման կերպ վարվել են Իսլամական պետության ահաբեկիչները և Սիրիայում պատերազմող գրոհայինները: Սա նաև ուղերձ էր Ադրբեջանին»,- «Մեդիա կենտրոնի» մամլո ասուլիսի ժամանակ ասաց Գարիկ Միսակյանը:
Իրանագետը չի կարծում, որ տարածաշրջանի որևէ պետություն այս պատերազմում ներգրավվի, քանի որ մեր զինված ուժերը բավականին հաջողությամբ կռվում են մի քանի պետությունների ու գրոհային խմբերի դեմ:
Անդրադառնալով հոկտեմբերի 21-ից Իրանի կողմից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ անցկացնելու որոշմանը՝ Գարիկ Միսակյանը նկատեց. «Կարող է պայմանավորված լինել հյուսիսային շրջաններից Իրանի տարածքում հայտնվող ԱԹՍ-ների հետ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրանք իսրայելական արտադրության են եղել, իսկ Իսրայելը տարածաշրջանում Իրանի համար մեկ թշնամին է համարվում: Մյուս կողմից էլ՝ կարող է պայմանավորված լինել ՀՕՊ համակարգերի փորձարկմամբ: Սա նաև կարող է լինել Իրանի կողմից ցուցադրական զորավարժություն, քանի որ արդեն կարող են զենք վաճառել»:
Իրանագետի կարծիքով՝ Իրանը պետք է զսպող հանգամանք լինի Ադրբեջանի համար:
«Լինելով տարածաշրջանային խոշոր խաղացող՝ պետք է փորձի որոշակիորեն հավասարակշռված դիրքորոշում հայտնել՝ կապված արցախյան հակամարտության հետ, ինչպես նաև մի փոքր թեքել դեպի Ադրբեջան՝ կապված գրոհայինների հետ՝ փորձելով զսպողական դեր խաղալ, պահանջել Ադրբեջանից գրոհայինների հեռացում տարածաշրջանից: Ավելին, որևէ պետության կողմից Իրանի հետ սահմանի խախտումը կարող է բերել տարածաշրջանային բավականին լուրջ ռազմական գործողությունների, և չեմ կարծում, որ Թուրքիային, Ադրբեջանին ձեռնտու է, ու ունակ են ներկա փուլում որևէ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը: