«Որևէ հարցով քննարկում չի եղել». Վարուժան Ավետիսյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
Երեկ վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: 168.am-ը փորձեց հանդիպմանը մասնակցած «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանից ճշտել՝ հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել երեկվա հանդիպման ժամանակ, իրենց կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցերի վերաբերյալ, և արդյո՞ք վարչապետի հետ քննարկվել է տարածքներ՝ զինադադարի կամ հրադադարի դիմաց հարցը։
«Որևէ քննարկում առհասարակ չի եղել։ Իսկ Արցախի հարցով ինչ վերաբերում է մեր տեսակետներին, ապա դրանք այսօր հրապարակել ենք Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հայտարարությամբ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
Նշենք, որ, ըստ նշված հայտարարության, օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել, այսպես կոչված, լավրովյան «խաղաղության» ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց։
«Այն տխրահռչակ Լավրովյան պլանը, որը նախատեսում է Արցախի մաս-մաս և ժամանակի մեջ երկարաձգված հանձնում ու հայաթափում, իսկ խորքային առումով՝ նաև Հայաստանի վերջնական պետականազրկում։ Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988-ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է»,- ասված է հայտարարության մեջ։