Բաժիններ՝

Ֆրանսիայում սպանված ուսուցչին հետմահու կպարգևատրեն Պատվո լեգիոնի շքանշանով

Ֆրանսիայում դաժանորեն սպանված պատմության ուսուցիչը հետմահու պարգեւատրվի Պատվո լեգիոնի շքանշանով, հաստատել է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը։ Ուսուցչի հրաժեշտի ազգային արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ի երեկոյան Սորբոնում:

«Նաեւ նա կպարգեւատրվի Ակադեմիական արմավենիների շքանշանով, դա շատ խորհրդանշական է, այդ շքանշանը հանձնում են ուսուցիչներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին»,-ասել է Բլանկերը՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում:

Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել էՓարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում, 2002 թվականին. նա ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում:

Գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հարձակվողի ազգականները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Եվրոպայի չեչենների ասամբլեան դատապարտել է ուսուցչի սպանությունը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ցավակցություն է հայտնել սպանված ուսուցչի ազգականներին եւ հայտարարել, որ Չեչնիան կտրականապես հանդես է գալիս ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ:

Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս