Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու. BFMTV
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում»: Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:
Պաշտանության խորհուրդը՝ նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, հոկտեմբերի 18-ի երեկոյան հավաքվել էր պատմության ուսուցչի սպանության կապակցությամբ, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին եւ ցնցել ամբողջ երկիրը:
Նաեւ հեռուստաալիքը նշում է, որ հոկտեմբերի 19-ից կսկսվեն սոցցանցերում զետեղված 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, որոնք հանդես են եկել ի պաշտպանության ուսուցչի վրա հարձակվողի: Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:
Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել էր կոմունա, որտեղ կատարվել էր սպանությունը, տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Գործի հետաքննության ընթացքում, որով զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը, ձերբակալվել է 11 մարդ:
Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն: Ելիսեյան պալատը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա սպանված ուսուցչին հրաժեշտի ազգային արարողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: