«Ինչպես 1994 թվականին աշխատեց Գրաչովը, այնպես էլ հիմա պետք է լինի Շոյգուն, և ոչ՝ Լավրովը»․ Ֆելգենգաուեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Մայրամովի միջև ծավալված բանակցություններից 3 օր է անցել, և այս բոլոր օրերի ընթացքում մոսկովյան պայմանավորվածություններն ինտենսիվորեն ոտնահարվում են։ Սակայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հայտարարություն էին տարածել հետևյալ բովանդակությամբ․

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Անտեսելով հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով ոչ միայն զինված ուժերը, այլև խաղաղ բնակչությանը, մշակութային կոթողները և քաղաքացիական ենթակառուցվածքները, սրանով իսկ շարունակելով էլ ավելի թեժացնել հակամարտության գոտում տիրող պատերազմական իրավիճակը՝ նոր կորուստներ ու զոհեր պատճառելով ողջ տարածաշրջանին։

Սակայն Մոսկվայի ջանքերը շարունակվում են, և Արցախյան պատերազմի գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններն իրագործելու ջանքերին է միացել ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով վերջին երկու օրերին ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունենում հակամարտությունում ներքաշված երկրների զինված ուժերի բոլոր ղեկավարների հետ։ Ակնհայտ է կարծես, որ Սերգեյ Շոյգուի հրապարակային դերակատարման կարիքը չէր լինի, եթե հրադադարի շուրջ պայմանավորվածություններն իրագործվեին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երկու օր առաջ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային «Соловьев LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը՝ ասել էր. «Եթե չեն լսում Լավրովին, ապա կլսեն Շոյգուին (ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգու.- խմբ.)», և դրանից ժամեր անց գործընթացին ակտիվորեն միացավ Սերգեյ Շոյգուն: Վերջինս նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ և մտահոգություն հայտնել հաղորդումների կապակցությամբ, համաձայն որոնց, հակամարտության գոտի են տեղափոխում ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։ Թուրքական կողմը հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել։ Հաղորդվել էր միայն, թե Հուլուսի Աքարը «վերստին աջակցություն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։

Այսօր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը: Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

«Այս աշխատանքի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտության կողմերի միջև բանակցությունների անցումը՝ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168am-ի հետ զրույցում խոսեց մոսկովյան միջնորդական ջանքերում ՌԴ ՊՆ ղեկավարի դերակատարման անհրաժեշտության, հրադադարի հաստատման ուղղությամբ նրա ջանքերի հաջողության և հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ։

Ֆելգենգաուերը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված փաստաթուղթը հրադադարի համաձայնագիր չէր, դա հայտարարություն էր՝ հռչակագիր հրադադարի մասին, իսկ հրադադարի համաձայնագիրը հռչակագրից հիմնովին տարբեր փաստաթուղթ է, այդ երկու փաստաթղթերը չունեն նույն արդյունավետությունը։

Նրա խոսքով՝ հրադադարի մասին համաձայնագիրը լուրջ ռազմատեխնիկական փաստաթուղթ է, որի վրա մեծ աշխատանք է դրվում, կցվում են օպերատիվ քարտեզներ, դրանց վրա աշխատում են ռազմական գործիչներ և փորձագետներ, դրանում ներկայացվում են հակամարտող կողմերի դիրքորորոշումները, հրադադարի բոլոր պայմանները, դրա հաստատման բոլոր ընթացակարգերը ու մանրամասները՝ համաձայնեցված կերպով, ինչպես նաև շփման գծի այդ պահի իրավիճակը։

Ընդհանրապես, ռազմական վերլուծաբանի համոզմամբ, նման գործընթացներում պետք է ներառված լինեն զինվորական պատվիրակությունները՝ հակամարտող երկրների ռազմական իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին զինվորական պատվիրակություններ չկային ԱԳՆ ընդունելությունների տանը։

«Հիշենք 1994 թվականի մայիսին հրադադարի պայմանագրի կազմման աշխատանքները, դրանց մասնակցում էին ռազմական պատվիրակություններ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից, հիշում եմ Սամվել Բաբայանին, Սերժ Սարգսյանին, Պավել Գրաչովին և Մամեդրաֆի Մամեդովին։ Հրադադարի համաձայնագիրը երեք նախադասությամբ թղթի կտոր չպետք է լինի, այդ փաստաթղթով նման պատերազմ հնարավոր չէ դադարեցնել, առավել ևս, երբ այն հայտնվեց մի քանի ժամվա ընթացքում, և հրադադարի հաստատման պահին հակամարտության գոտում դրա համար ոչինչ պատրաստ չի եղել, դրան հավելենք նաև այն, որ հասկանալի էլ չէ, թե հարավային ուղղությամբ ինչ է կատարվում, և հասկանալի չէ, թե ով որտեղ է՝ այն դեպքում, երբ հայտարարվում է հրադադար։ Այնպես որ՝ պետք է սկսվեն ռազմական բանակցություններ համապատասխան պատվիրակությունների միջև, սա արդեն դիվանագետների գործը չէ, այսինքն՝ Լավրովի փոխարեն՝ պետք է լիներ Շոյգուն, այս պահին դեռ դա ևս այդքան էլ չի հաջողվում, քանի որ հայկական կողմը պնդում է, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի այս բոլոր գործընթացներին, իսկ ադրբեջանցիները դրանից հրաժարվում են։

Հռչակագրի կետերի շուրջ ևս կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են, Բաքուն Երևանին է մեղադրում, Երևանը՝ Բաքվին։ Այս ողջ պատմությունը՝ հրադադարի հաստատման շուրջ, փորձում է փրկել Շոյգուն, և անհրաժեշտ է ռազմական համաձայնագիր, որի կազմմանը կմասնակցեն պատերազմող կողմերն իրենց բոլոր դիրքորոշումներով ռազմական հողի վրա առկա պատկերով, դրանցով պետք է զբաղվեն Պաշտպանության նախարարները, միջնորդը պետք է լինի Շոյգուն, ինչպես 1994 թվականին՝ Պավել Գրաչովը։ Այն ժամանակ Ղարաբաղը ներկայացված էր առանձին պատվիրակությամբ, նստած էր առանձին սեղանի վրա, ես ներկա եմ եղել ընդունելությունների սրահում, և պատվիրակների ձեռքին կար փոքրիկ դրոշ ԼՂ-ի, և նրանք դա դրեցին սեղանին, թեև Մամեդովին դա բացարձակ դուր չեկավ, սակայն ավել ոչինչ չէր կարող անել, քանի որ հրադադար էր պետք հաստատել, իսկ Ադրբեջանը պատերազմում պարտվել էր։ Իսկ հիմա մի փոքր այլ իրավիճակ է, հրադադարն առավելապես հարկավոր է հայկական կողմին։ Իսկ Ադրբեջանին դա այդքան էլ պետք չէ»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ այս պահին ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը պատրաստ չեն գնալ էական զիջումների հանուն հրադադարի՝ հակառակորդի պայմաններով։

Նրա խոսքով, դա Ադրբեջանին պետք չէ, քանի որ կարող է ենթադրել հակամարտության սառեցում շփման մի փոքր փոփոխված գծերով, իսկ Ադրբեջանի պահանջներն են՝ հեռացնել զորքերը տարածքներից, դա էլ իր հերթին՝ անընդունելի է հայկական կողմի համար։

«Առանց ռազմական պատվիրակությունների՝ չի կարող կայանալ հրադադար, և պատերազմի գոտում տիրող իրավիճակը ևս չի նպաստում դրան։ Հիմա նոր հասկացան, որ պետք է այս ամենին միանա Շոյգուն, բայց կհաջողվի՞, թե՞ ոչ, դա այլ հարց է, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ Ռուսաստանը, փաստորեն, չի կարողանում ոչ մի կողմի ինչ որ բան պարտադրել, Ռուսաստանի ազդեցությունն այնքան էլ փաստորեն ուժեղ չէ, որպեսզի ստիպի Հայաստանին և Ադրբեջանին հրադադար հաստատել»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը։

Նա ՌԴ ազդեցության նվազումն Անդրկովկասում բացատրում է այն հանգամանքով, որ Ռուսաստանը վաղուց լրջորեն չի զբաղվում այդ տարածաշրջանով։ Այդ միտումը, ռազմական վերլուծաբանի համոզմամբ, սկսվեց այն պահից, երբ Պուտինը «վերադարձավ» Կրեմլ Մեդվեդևից հետո։

«Մեդվեդևը դեռ փորձում էր ինչ-որ քայլեր իրականացնել, իսկ հետո ամեն ինչ սառեցրին, 2008 թվականին Մեդվեդևը փորձեց ինչ-որ բան անել, Սարգսյանն ու Ալիևը հանդիպում էին, իսկ հետո սկսեցին զբաղվել Ղրիմով, Դոնբասով։ ՌԴ հնարավորություններն այս գոտում փաստորեն սահմանափակ են, ի՞նչ լծակներ ունի Ռուսաստանը, լուրջ լծակներ Մոսկվան չունի, որպեսզի լուրջ ակնթարթային ազդեցության հասնի կողմերի նկատմամբ։ Մյուս կողմն էլ այն է, որ նախապատրաստությունն էր իսկապես թույլ, քանի որ քառօրյա պատերազմը ևս ավարտվեց նրանով, որ այնտեղ գլխավոր շտաբների մակարդակով բանակցություններ եղան հրադադարի վերսկսման շուրջ։

Իսկ առանց ռազմական պատվիրակությունների՝ ԱԳՆ-ում ի՞նչ արդյունք էին ակնկալում, որ կես էջանոց թուղթ կստորագրեն և հրադադար կլինի՞, չեմ հասկանում։ Դա ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցում էր ռուսական իշխանությունների և անձնապես Պուտինի կողմից, քանի որ նա կարծում էր, որ երբ ասի՝ «Տղաներ, վերջ», ապա նրանք կասեն՝ «Իհարկե»։ Նրանք գուցեև ասեն՝ «Իհարկե», բայց Ալիևը ցանկանում է պատերազմ մինչև հաղթանակ, Հայաստանը՝ ևս, նրանք հնարավորություններ չունեն գնալ ցավոտ զիջումների, իսկ առանց դրա գրեթե անհնար է կանգնեցնել այս ամենը վերջնականապես։ Բավականին բարդ իրավիճակ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս