«Մի քիչ մեր վարվելաոճը պետք է փոխենք, այս պահին ամենամեծ խնդիրն անհայտ աղբյուրներից նյութեր տարածելն է». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ֆեյսբուքի հետ կապված մի քանի հարցերի, քանի որ, նրա խոսքով՝ ակնհայտ է, որ որոշ տարօրինակություններ այնտեղ կան։
«Մենք մի քիչ մեր վարվելաոճը պետք է փոխենք, այս պահին ամենամեծ խնդիրն անհայտ աղբյուրներից նյութեր տարածելն է։ Տեսեք, օրինակ, շատ պատահական էջ, անուններ չտամ, բայց, օրինակ, «Վարագույրներ և սառնարաններ» անվամբ էջ է, ինչ-որ բան է գրել, ու հարյուրավոր մարդիկ դա տարածել են։ Եկեք ֆիքսենք, որ սառնարանների էջերն այս պահին չեն կարող հանդիսանալ տեղեկատվության աղբյուր։ Ինչո՞ւ պետք է նման էջը դառնա աղբյուր, նույնիսկ, եթե կարևոր բան է գրել։ Մարդիկ կան, որոնք հիմա իրենց բիզնես էջերն օգտագործում են տեղեկատվություն տարածելու համար, և այլն, լավ է, բայց երևի թե այժմ ժամանակը չէ։ Մյուս հարցն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էջերն աճեցնում են նաև այդպես, այսինքն՝ դնում են 10 դուրեկան նորություն, մարդիկ հավեսով նայում ու տարածում են, սրանք հավաքում են մի 10 հազար հոգի, ու գնա գալիս եմ՝ արդեն սկսում են իրենց ուզածը տարածել»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ առաջնայինն աղբյուրներն են։
Սամվել Մարտիրոսյանը նաև օրինակ բերեց այն, որ ադբեջանցիները կամ անբարեխիղճ ինչ-որ դեմքեր, որոնք փորձում են այս պահին տրաֆիկ հավաքել, նույնպես կարող են լինել տարօրինակ նյութերի աղբյուր, որոնք տարբեր մարդիկ տարածում են։
Ֆեյսբուքում նա ցուցադրեց մի խումբ, որտեղ ինչ-որ անհայտ աղջիկ նորություն է հրապարակել։
«Այստեղ առաջինը մեզ պետք է զարմացնի նորության կիսատ-պռատ վերնագիրը, որն այնպիսին է, որն օգտատիրոջը դրդում է նորությունը բացել։ Սա սովորաբար անում են մարդկանց քաշելու դեպի կայք։ Խաղաղ ժամանակներում թող մարդիկ որոշեն, բայց այս պայմաններում, երբ տեսնում են կիսատ-պռատ վերնագիր՝ անծանոթ մեկից անծանոթ կայքի վրա, պետք չէ բացել այն, եթե չեն զբաղվում այդ ամենով մասնագիտորեն։ Ինչո՞ւ են նյութով կիսվում ինչ-որ մեկի էջից, որը բացահայտ երևում է, որ ֆեյք է»,- հավելեց Ս. Մարտիրոսյանը։
Նա նաև շեշտեց, որ այսօր թշնամին միտումնավոր ճնշող տեսանյութեր է տարածում և դրանք պետք չէ նայել, այն մարդկանց, որոնք պատրաստ չեն դա նայելու, և չպետք է անեն։
«Եթե նման որևէ բան գտնում են, օրինակ, կոտրած հայկական էջ է, և ուզում են, որպեսզի դա մարդիկ կիսվեն և report անեն, ապա այդ էջը չպետք է կիսվեն, քանի որ դրանով փաստացի դառնում են ցուցադրումների աճեցնող։ Նման դեպքերում պետք է սքրինշոթ անել, նկարը կտրել և դա տարածել։ Փորձենք այնպես անել, որպեսզի աղբը քիչ լինի, և մեզ վրա ազդեցությունները նվազեն»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։