Եթե իրավիճակն է՛լ ավելի ապակայունանա, հնարավոր է՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը գնա շատ ավելի կտրուկ քայլերի, ճանաչի Արցախի անկախությունը. Քաղաքագետ

«Արաբական աշխարհն ընդհանուր առմամբ և՛ մամուլում, և՛ պաշտոնական արձագանքներում բավականին թիրախավորված, հասցեագրված քննադատություններ է հնչեցնում, առաջին հերթին՝ Թուրքիայի հասցեին, և դա հասկանալի է: Նրանք արդեն պաշտոնապես հայտարարում են, որ ոչ թե Իսրայելն է իրենց համար ամենալուրջ սպառնալիքը, այլ առաջին հերթին՝ Թուրքիան, և այս տեսանկյունից տրամաբանված է իրենց մոտեցումը»,- 168.amի հետ զրույցում ասաց Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը՝ շեշտելով, որ Սիրիայի նախագահը հստակ մեսիջ ուղարկեց, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնող, հրահրող կողմը Թուրքիան է:

«Սա շատ հետաքրքիր և, կարծում եմ՝ Սիրիայի համար շատ զգայուն թեմա է: Թուրքիան է հիմնական պատասխանատու կողմերից մեկը, որ այսօր Սիրիան կանգնել է քաղաքացիական ճգնաժամի առջև: Ընդհանուր առմամբ հայտարարություններ հնչում են, սակայն տպավորություն է, որ արաբական աշխարհն ու առանձին խաղացողներ հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև իրենք ուղղակի ներգավվածություն չունեն Հարավային Կովկասում կատարվող ռազմական գործողություններում: Իրենց ներգրավվածությունն անուղղակի է: Եվ այստեղ շատ կարևոր է, որ տարածաշրջանային խաղացողներն ակտիվանան այն ժամանակ, երբ միջազգային հանրության առաջատար խաղացողները շատ ավելի առարկայական քայլեր կկատարեն: Ես մեծ ակնկալիքներ ունեմ Ֆրանսիայից: Եթե իրավիճակն էլ ավելի ապակայունանա՝ հնարավոր է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնա շատ ավելի կտրուկ քայլերի, ճանաչի Արցախի անկախությունը: Այսինքն, պետք են միջազգային առաջատար դերակատարների հստակ կիրառական քայլերը, որից հետո այն շղթայական, դոմինոյի էֆեկտով, ազդեցություն է ունենալու նաև արաբական աշխարհի վրա»,- հավելեց քաղաքագետը:

Կարեն Վերանյանն ընդգծեց՝ Հունաստանը, Կիպրոսը ևս մեզ համար դաշնակից երկրներ են, հետևաբար, երբ խոշոր խաղացողների կողմից հնչում են նման արձագանքներ, և հստակ կիրառական քայլեր են արվում, դա ենթադրում է արդեն միջազգային հանրության շատ ավելի լուրջ և թիրախային արձագանքը և կիրառական քայլերի կատարում:

«Որպես նախադեպ՝ ունենք Կոսովոն: Այնտեղ ԱՄՆ-ը, արևմտյան երկրները շատ ակտիվ ներգրավվեցին գործընթացում, եղավ միջազգային խաղացողների հստակ դիրքորոշում: Նույնը կարելի է ակնկալել նաև Արցախի պարագայում: Մի հարց էլ կա այստեղ. Կոսովոյի և այլ անկախացած միջազգային սուբյեկտ դարձած պետությունների կամ չկարգավորված հակամարտությունների լուծման համատեքստը եթե դիտարկենք՝ հարավկովկասյան տարածաշրջանի դեպքում, մասնավորապես, ԼՂ հակամարտության առումով այստեղ շատ ավելի մեծ է Ռուսաստանի դերակատարությունը տարբեր ուղղություններով՝ անվտանգային, քաղաքական, ռազմական և այլն: Ռուսաստանի համար այս տարածաշրջանը կենսական նշանակություն ունեցող գոտի է, և այս տեսանկյունից որոշակի հակասություններ կարող են առաջանալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Ցանկալի կլինի, որ հենց ՌԴ-ն նման նախաձեռնությամբ հանդես գա, չնայած գիտակցում ենք, որ դրա հավանականությունը ցածր է: Եթե ՌԴ-ն նման քայլ անի իր շահերի գոտում, ապա դա հետագա արտացոլումը կունենա Արևմուտքում՝ ի դեմս առաջատար խաղացողների»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցություններին՝ Կարեն Վերանյանը նկատեց. «Մեզ մոտ թյուր պատկերացում պետք է չլինի, որ մեր շահերը պետք է անպայման 100 տոկոսով համընկնեն տվյալ դեպքում Ռուսաստանի շահերի հետ: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ տարբեր փուլերում այս կամ այն խաղացողները, տարածաշրջանային կամ միջազգային դերակատարներն իրենց առանձին խաղն են փորձել առաջ քաշել: Նման առաջարկությամբ հանդես գալու փորձեր ժամանակին էլ են եղել: Հայկական կողմի համար դա անընդունելի տարբերակ է, որովհետև հայ խաղաղապահից լավ խաղաղապահ չկա տարածաշրջանում, որը կարող է էլ ավելի արդյունավետ իրականացնել խաղաղապահ առաքելությունը:

ՌԴ միջնորդությունը չի սահմանափակվում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցով: Այս օրերին ռուսական կողմի միջնորդությունը՝ քաղաքական բանակցային գործընթացները նախաձեռնելու տեսանկյունից, շատ ողջունելի է, որովհետև ՌԴ-ն ունի կենսական շահեր: Եթե ոչ՝ Ռուսաստանը, ապա ո՞ր երկիրը պետք է առաջինը նախաձեռներ քաղաքական նման գործընթացներ: Ռազմական գործընթացները, իհարկե, ընթանում են, բայց զուգահեռաբար՝ ՌԴ միջնորդությամբ փորձ են կատարում քայլեր կատարել  քաղաքական բանակցային գործընթացում ինչ-որ դրական միտումներ արձանագրելու համար: Բայց ՌԴ-ից չեմ ակնկալում շատ ավելի լուրջ կիրառական քայլեր՝ Արցախի անկախության ճանաչման և նման գործընթացների հետ կապված: Իմ կարծիքով, դա ավելի շուտ կարելի է, առաջին հերթին, ակնկալել Ֆրանսիայից: Մեր խնդիրը սեփական ռեսուրսներով և մեր դաշնակիցների հետ համագործակցության միջոցով դրական արդյունքներ ունենալն է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, դիվանագիտական տեսանկյունից:

Բայց եթե Թուրքիան և Ադրբեջանը շարունակեն նման ահաբեկչական գործողությունները, Արցախի նախագահը, ինչպես նշել է, կդիմի ՀՀ-ին, և Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղից կերևա, թե հետագա ինչպիսի գործընթացներ, միջազգային դերակատարներ կլինեն և ինչ դերակատարում կընդունեն:

Տեսանյութեր

Լրահոս