«Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը». Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից հումանիտար նպատակով հրադադարի պահանջը չի կատարվում մի քանի պատճառով, որոնցից մեկն այն է, որ ընդունելով այդ պայմանները, գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակ չի ուզում կատարել և չի ընդունում:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրագրողները հիշատակելով «Եվրանյուզ»-ի տեսանյութը, հարցրեցին` արդյո՞ք Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո է, Պն ներկայացուցիչը պատասխանեց.
«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներ` Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»:
Անդրադառնալով Հադրութին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց` այն գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության տակ, և որ դրա մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել: