Եվրոպական միությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրն անցկացված առցանց մամլո ասուլիսի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, ինչպես գրում է amerikayidzayn.com-ը, ասել է.
«Մենք լսել ենք Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ներկայացարած տվյալները, եւ ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարեւորությունը:
Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Մենք կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու եւ դեպի խաղաղություն քայլեր կատարելու համար»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Եվրոպական միությունը վերաբերվում Թուրքիայի կողմից վերջերս իրականացվող գործունեությանը, ինչը ‘’որեւէ կերպ չի նպաստում լարվածությունները մեղմելուն, եւ թե արդյոք ինչ քայլեր է Եվրոպական միությունը նախատեսում այս ուղղությամբ, Բորելը պատասխանեց.
«Վերջին իրադարձությունների շուրջ Եվրոպական միության ու Թուրքիայի միջեւ նորից անցկացվելու են քննարկումներ եւ Եվրոպայի խորհրդի պարտականությունն է որոշելու, թե ինչպես պիտի արձագանքի այս ամենին: Արդեն ասվել է, որ մինչեւ տարեվերջ մենք պետք է վերանայենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, հույս ունենալով, որ Թուրքիան կդադարեցնի մեր հարաբերությունները վնասող գործողությունները»: