ՉԺՀ-ի պարեկանավերը մտել են Ճապոնիայի հետ վիճելի Սենկակու կղզիների գոտի. NHK
Հոկտեմբերի 11-ին ՉԺՀ-ի երկու պարեկանավ է մտել Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների գոտի, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սենկակուին է մոտեցել երեք չինական նավ, դրանցից երկուսը մտել են կղզիների մոտի գոտի եւ փորձել են մոտենալ այնտեղով անցնող ճապոնական ձկնորսական նավին:
Ճապոնիայի առափնյա պահապնությունը ՉԺՀ-ի նավերին կոչ է անում հեռանալու այդ շրջանից:
Միջադեպի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի դիվանատանը կից սկսել է աշխատել տեղեկատվության օպերատիվ հավաքման եւ վերլուծության ճգնաժամային շտաբը:
Վերջին անգամ ՉԺՀ-ի պարեկանավերն այդ գոտի են մտել օգոստոսի 28-ին: Սենկակու կղզիների շուրջը տարածքային վեճը Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ սրվել է այն բանից հատո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարել է մասնավոր սեփականատերերից կղզիները գնելու մասին:
Դրանից հետո ՉԺՀ-ում տեղի են ունեցել հակաճապոնական զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են ավերումներով: Այդ ժամանակվանից ի վեր չինական նավերը մշտապես երթեւեկում են վիճելի կղզիների մերձակայքում եւ պարբերականորեն ցուցադրաբար մտնում ափամերձ գոտի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: