Տաջիկստանում սկսվել են նախագահական ընտրությունները
Հոկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 06:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Տաջիկստանում բացվել են ընտրատեղամասերը հանրապետության նախագահի ընտրությունների համար:
Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի (ԸՀԿՀ) տվյալներով՝ երկրում բացվել են 68 ընտրատարածքներ, 3 հազար 375 ընտրատեղամասեր՝ երկրի ներսում: Եվս 39 ընտրատեղամասեր ընտրությունների օրը կբացվեն արտասահմանում:
Ընտրատեղամասերը, որոնք տեղակայված են Տաջիկստանի տարածքում, աշխատելու են տեղական ժամանակով մինչեւ 20:00-ը:
ԸՀԿՀ-ն նախագահի թեկնածու է գրանցել գործող յոթ կուսակցություններից հինգի ներկայացուցիչներին:
Հանրապետության ներկայիս նախագահ Էմոմալի Ռահմոնը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 1994 թվականից, նախագահի թեկնածու է առաջադրվել իր գլխավորած Տաջիկստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից, ինչպես նաեւ Անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ Հանրապետության երիտասարդների միության կողմից: Նախագահի պաշտոնի համար նաեւ գրանցվել են կուսակցությունների առաջնորդներ՝ Ռուստամ Լատիֆզոդան՝ Տաջիկստանի ագրարային կուսակցությունից, Աբդուխալիմ Գաֆորզոդան՝ Սոցիալիստական կուսակցությունից, Ռուստամ Ռախմատզոդը՝ Տնտեսական բարեփոխումների կուսակցությունից եւ Միրոջ Աբդուլոեւը՝ Տաջիկստանի կոմունիստական կուսակցությունից: ԸՀԿՀ-ի տվյալներով՝ ձայնի իրավունք ունի 4 մլն 943 հազար 289 ընտրող:
Ընտրությունները համարվում են կայացած, եթե ընտրատեղամասեր է ներկայացել ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Քվեարկության ընթացքը վերահսկելու են 145 դիտորդներ՝ տարբեր միջազգային կազմակերպություններից: