Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:
Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
«Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում: