Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահը հայտարարել է անցյալ գիշեր իշխանության զավթման փորձի մասին

Ղրղզստանում որոշ քաղաքական ուժեր, օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անցած գիշեր փորձել են հանրապետությունում զավթել իշխանությունը: Ինչպես ասված է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի ազգին հղած ուղերձում, որը հոկտեմբերի 6-ին հրապարակել է նրա մամուլի ծառայությունը, ուժայիններն իր կարգադրությամբ կրակ չեն բացել՝ քաղաքացիների կյանքը վտանգի չենթարկելու համար։

«Անցած գիշեր որոշ քաղաքական ուժեր փորձեցին ապօրինաբար զավթել պետական իշխանությունը: Ընտրությունների արդյունքներն օգտագործելով որպես առիթ՝ նրանք խախտեցին հասարակական կարգը: Նրանք չենթարկվեցին իրավապահ մարմինների աշխատակիցներին, ծեծեցին բժիշկներին եւ վնասեցին շենքեր: Ես ուժային մարմիններին հրաման տվեցի կրակ չբացել եւ արյուն չթափել, որպեսզի վտանգի չենթակվի ոչ մի քաղաքացու կյանք»,- նշել է Ժեենբեկովը:

Երկրի ղեկավարությունն, ընդգծել է նախագահը, այս իրադրության մեջ ձեռնարկեց «բոլոր հնարավոր միջոցները՝ սրում թույլ չտալու համար: Ժեենբեկովը քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել հանդարտեցնելու իրենց կողմնակիցներին եւ չսրելու իրադրությունը երկրում: «Ես քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ եմ անում խաղաղեցնելու իրենց կողմնակիցներին եւ նրանց հեռացնելու կուտակման վայրերից: Իմ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պահպանելու խաղաղություն եւ չենթարկվելու սադրիչ ուժերի կոչերին: Մեր երկրի խաղաղությունը եւ մեր հասարակության անվտանգությունն ամենակարեւոր բաներն են: Ես բոլոր ուժերին կոչ եմ անում երկրի ճակատագիրը դնելու քաղաքական հավակնություններից վեր եւ վերադառնալու իրավական դաշտ»,- հայտարարել է նախագահը: Նրա խոսքով՝ ինքն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկել է «հանգամանորեն քննության ենթարկել խախտումները» հոկտեմբերի 4-ին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում եւ «անհրաժեշտության դեպքում անվավեր համարել արդյունքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս